Հասարակությունը կպայթի, եթե ահաբեկիչները վերադարձվեն . Դավիթ Բաբայան.«Փաստինֆո»

20-09-2019 16:05:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Պաշտպանության նախարարի մեկնաբանության մեջ շատ կարեւոր մի կետ կա։ Դավիթ Տոնոյանը բացեիբաց հայտարարել է, որ այդ դիվերսանտների հետ կապված հարցը պաշտոնական Ստեփանակերտի սուվերեն իշխանության ներքո է գտնվում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ փոխանակելու Բաքվի առաջարկության վերաբերյալ ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի մեկնաբանությանը։
 


Արցախի նախագահի խոսնակը շեշտեց՝ Բաքուն դիմել է ոչ թե պաշտոնական Ստեփանակերտին, այլ՝ Երեւանին. «Սրանով Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական քաղաքականությունը՝ ցանկանալով ցույց տալ, որ չկա Արցախ, որ արցախյան պետականություն գոյություն չունի, որ Հայաստանը ագրեսոր է։ Ինչո՞ւ պետք է Երեւանում որոշեն Արցախի Հանրապետության դատարանի կողմից դատապարտված մարդկանց ճակատագիրը։ Իրենք հատուկ այնպես են անում, որ Մայր Հայաստանին ներքաշեն այդ գործերի մեջ՝ դրանով հարված հասցնելով մեր պետականությանը, թե արցախյան, թե հայաստանյան հատվածին»։
 
Դավիթ Տոնոյանը չի բացառել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների և Արցախում դատապարտված Ադրբեջանի քաղաքացիների փոխանակումը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ դա պետք է Արցախը որոշի։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտնել է,, որ երեկ հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչի հետ։ Նախարարի խոսքով՝ կան որոշակի քննարկումներ և հարցեր, որոնք այժմ բացահայտել չի կարող։
 
Դավիթ Բաբայանը տարակուսում է՝ ինչպե՞ս կարելի է խոսել ահաբեկիչներին Ադրբեջանին հանձնելու
մասին։ «Ես երեկ մի համեմատություն բերեցի, եթե մեր ձեռքում լիներ Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած տականք Սաֆարովը, եթե նա լիներ Երեւանում, մենք պետք է նրան արտահանձնեինք Բաքվի՞ն։ Նույն տարբերակն է, ոչ մի տարբերություն այս հանցագործների արարքի մեջ չկա։ Այդ 2 հանցագործները կատարել են հանցագործություններ Արցախի տարածքում, նրանց նկատմամբ դատ է եղել՝ բաց, թափանցիկ։ Մենք ի՞նչ է, պետք է վերադարձնե՞նք նրանց։ Մենք ո՞նց ենք նայելու Գուրգեն Մարգարյանի ծնողների աչքերին, ո՞նց ենք նայելու Ցականյանների աչքերին եւ տասնյակ հազարավոր այլ մարդկանց աչքերին»,-շեշտեց Դավիթ Բաբայանը։
 
Նրա խոսքով, խնդիրն, իհարկե, բարոյական ու հոգեբանական տեսանկյունից շատ ծանր է, որովհետեւ մեր տղաներն էլ սահմանից այն կողմ են գտնվում, բայց Ադրբեջանը իրավունք չունի իր տարածքում պահել ՀՀ քաղաքացիներին։
 
«Գիտե՞ք ինչու է մեզ ասում՝ բաց թողեք այդ ահաբեկիչներին, որպեսզի ոտնահարի մեր արժանապատվությունը։ Գիտե՞ք ինչ է լինելու, պայթելու է հասարակությունը։ Չի լինելու այդպիսի բան, որեւէ մեկը թույլ չի տալու այդպիսի բան, կուլ չի գնալու այդ ամենին»,-շեշտեց Դավիթ Բաբայանը։
 
Անդրադառնալով ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, որ հայկական կողմը սկզբունքորեն դեմ չէ ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու իրենց տները եւ աշխատելու է այդ ուղղությամբ, Դավիթ Բաբայանն ասաց.« Իհարկե, սկզբունքորեն դեմ չենք, ո՞վ է դեմ, բայց պետք է աշխատանք տարվի, որ նրանք դուրս գան, բայց Ադրբեջանը պարտավոր է նրանց բաց թողնել, իսկ եթե մենք փոխենք նրանց այդ ահաբեկիչների հետ, կնշանակի՝ այլեւս որեւէ մեկը չպետք է գնա Գուրգեն Մարգարյանի գերեզմանին ծաղիկներ դնելու, դա կնշանակի՝ արդարացնել Սաֆարովին»։
 
Մեր դիտարկմանը, թե ստեղծված իրավիճակում հայկական կողմն
ինչ քայլեր պետք է անի՝ Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Բոլոր միջազգային կառույցներում պետք է խնդիրը ներկայացնել, Ադրբեջանը արդեն չափն ու սահմանն անցնում է։ Սեպտեմբերի 11-ին է նա այդ նամակներն ուղղել տարբեր միջազգային կազմակերպություններին, բոլորս հասկանում ենք, թե դա ինչ օր է, դա ահաբեկչության օր է, բայց բոլորը պապանձվել են՝ ներսի, դրսի իրավապաշտպանները, ոչ ոք չի խոսում, բա թող խոսեն, մի փոքր միջադեպ է լինում, պատեհ-անպատեհ առիթով գոռում, բղավում են, ճղում են իրենց, ինչո՞ւ են լռում, ինչու չեն բարձրաձայնում, նամակներ հղում միջազգային կազմակերպություններին»։
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 363 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար