Վարչապետի մոտ քննարկվել են ճանապարհաշինության ոլորտում ընթացիկ իրավիճակը և հետագա անելիքները

20-09-2019 16:13:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ճանապարհաշինության ոլորտի ծրագրերի վերաբերյալ։
 
Վարչապետը, բացելով խորհրդակցությունը, նշել է. «Մենք հավաքվել ենք քննարկելու ճանապարհաշինության ոլորտում ընթացիկ իրավիճակը և առաջիկա անելիքները: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հետ կապված էլ նորություններ ունենք, մյուս տարվա հետ կապված էլ հայտարարություններ ենք արել ու նաև նորից հասկանանք՝ այս տարվա մասով ուր ենք հասել: Պայմանավորվել ենք, որ անորակ աշխատանքը չի ընդունվելու, և բոլոր ընկերությունները, որ զբաղված են ճանապարհաշինությամբ, նախապես պետք է դա իմանան: Մենք վաղուց ասել ենք, որ դա պետք է բացառվի, այսինքն՝ որակական չափանիշների հարցում որևէ կոմպրոմիս չի կարող լինել»:
 
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը զեկուցել է միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ճանապարհային ցանցի ծրագրերի՝ ՀՀ պետական բյուջեի շրջանակում հիմնանորոգման ծրագրի, ՀՀ պետական բյուջեի շրջանակում միջին նորոգման ծրագրի, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ
իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի, Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգման ծրագրի, Բագրատաշենի անցակետի կամուրջի շինարարության ծրագրի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ընթացքի մասին: Նրա խոսքով՝ նախորդ տարի 2019 թ. պետբյուջեի պլանավորման շրջանակում ի սկզբանե նախանշված է եղել 164 կմ ճանապարհի շինարարություն՝ 33.9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, այժմ 2019 թ. համար նախանշված է նոր ցուցանիշ՝ առնվազն 330 կմ ճանապարհի շինարարություն 47.3 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Այս պահի դրությամբ կատարողականը կազմում է 12.9 մլրդ ՀՀ դրամ, 310 կմ վրա աշխատանքներն ընթանում են բոլոր ուղղություններով: Այս տարվա շրջանակում կնքված պայմանագրերը ներառել են 400 կմ, որից առնվազն 330 կմ-ը ավարտին կհասցվի այս տարի, մնացածը կփոխանցվի մյուս տարի, այսինքն՝ հաջորդ տարին սկսվելու է մոտ 70 կմ ճանապարհաշինության համար կնքված պայմանագրերով: Ներգրավված է 27 կապալառու կազմակերպություն, 3 ծրագրերի՝ հիմնանորոգման, միջին նորոգման և կենսական նշանակության ճանապարհների շինարարության ծրագրերի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 29.5 մլրդ ՀՀ դրամ, որի շրջանակում 5.4 մլրդ ՀՀ դրամ տնտեսում է եղել։ Այս տարի շատ կապալառուներ ձեռք են բերել և շարունակում են ձեռք բերել նոր տեխնիկա, ինչպես նաև ասֆալտբետոնի մեջ կիրառվել է մեծ ծավալով հանքային փոշի, ինչը ընդհանուր առմամբ նպաստում է ճանապարհների որակի բարձրացմանը։ Նախարարի տեղակալը նշել է, որ եղանակային պայմանները և մնացորդային ծավալները համադրելի են, և նախատեսված ծավալները մինչև տարեվերջ ավարտին կհասցվեն: Տեղեկատվություն է ներկայացվել նաև սուբվենցիոն
ծրագրերի շրջանակում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների վերաբերյալ: 
 
Վարչապետին զեկուցվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի վերաբերյալ. նշվել է, որ ներկայում ընթացքի մեջ են Տրանշ 3-ի՝ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհաշինական աշխատանքները, Տրանշ 4 (Արտաշատ-Ագարակ) և Տրանշ 5 ճանապարհահատվածների մասով (Գյումրիի շրջանցում և Գյումրի-Բավրա) արդեն առկա են նախագծանախահաշվային փաստաթղթերը։ 
 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2020 թ. նախանշվող ճանապարհաշինության ծավալներին և այդ ուղղությամբ անելիքներին, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շրջանակում հետագա աշխատանքներին, ինչպես նաև ճանապարհների որակական չափանիշներին, շինարարական աշխատանքների լոտերի չափերին, ճանապարհաշինության ոլորտում կարողությունների զարգացմանը վերաբերող հարցեր։ 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 375 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար