Վարչապետը հավաքել է ուժայիններին ու սահմանել նոր խնդիրը


Վարչապետը հավաքել է ուժայիններին ու սահմանել նոր խնդիրը

  • 20-09-2019 17:56:44   | Հայաստան  |  Վերլուծություն

Կոռուպցիայի դեմ պայքարում կա ռեսթարտի անհրաժեշտություն, կառավարությունում իրավապահ կառույցների ղեկավարների հետ խորհրդակցությանը հայտարարել է վարչապետ Փաշինյանը: Դա առաջին խորհրդակցությունն է ուժային բլոկում երկու բարձրաստիճան պաշտոնյայի փոփոխությունից՝ ԱԱԾ պետի եւ ոստիկանապետի պաշտոնանկությունից հետո:
 
Նիկոլ Փաշինյանն այդ պաշտոնանկություններով փաստացի որոշակի գիծ է քաշել կոռուպցիայի դեմ պայքարի առումով, հայտարարելով, որ տեղի ունեցած փոփոխությունների առիթով արժե ամփոփել կոռուպցիայի դեմ պայքարի առաջին փուլը եւ արդյունքը:
 
Այդ իմաստով Փաշինյանը ներկայացրել է որոշակի թվային տվյալ: «Իհարկե, մեկ տարի 4-5 ամիսների տվյալներով մոտավորապես 51 մլրդ դրամ արդեն վերականգնել ենք, որը սկզբունքորեն փոքր գումար չէ, բայց, ըստ էության, նաև այն տեղեկատվությունը, որ մենք ունենք և գեներացրել ենք, ձևավորել ենք, մեզ հիմք է տալիս ասելու, որ իրականում այստեղ շատ ավելի մեծ անելիք կա», հայտարարել է վարչապետը:
 
Փաշինյանի այդ հայտարարությունը որոշակիորեն ակնարկ է կադրային փոփոխությունների պատճառների վերաբերյալ: Խոսքը մասնավորապես այն մասին է, որ անարդյունավետ կարող է գնահատված լինել պետությանն ու հանրությանը հասցված վնասի վերականգնման ծավալը:
 
Նշանակու՞մ է արդյոք, որ ԱԱԾ եւ ոստիկանության պետերի ժամանակավոր պաշտոնակատարների աշխատանքի չափման ցուցանիշներից մեկը լինելու է հենց դա՝ պետությանը եւ հանրությանը հասցված վնասի վերադարձի կամ հատուցման ցուցանիշի էական աճը: Ներկայացնելով ոստիկանության եւ ԱԱԾ ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներին, վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ նրանց աշխատանքի արդյունավետությունը կարող է բերել կարգավիճակի տրամաբանական շարունակության:
 
Վարչապետ Փաշինյանը միաժամանակ հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ուղղված լինի ոչ միայն անցյալի բացահայտմանը, այլեւ ներկայում կոռուպցիայի կանխարգելմանն ու պետական համակարգում արմատավորում թույլ չտալուն: Ըստ նրա, կոռուպցիան ունակ է ադապտացման նաեւ նոր ժամանակում, եթե չվարվի պայքար դրա դեմ:
 
Գործնականում Փաշինյանը բարձրացնում է առանցքային խնդիր, որովհետեւ անցյալի բացահայտման շուրջ կենտրոնացած հասարակական-քաղաքական կյանքի պարագայում կարող է բավական հարմարավետ պատսպարվել «ներկան», ապագայում արդեն բոլորին դնելով փաստի առաջ, եւ իհարկե առաջին հերթին Նիկոլ Փաշինյանին:
 
Ամբողջ հարցը սակայն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարը գործնականում ինքնին զուտ իրավա-կիրառական պրակտիկայի հարց չէ, այլ նաեւ հասարակական-քաղաքական մթնոլորտի, հոգեբանության: Եվ այստեղ կա մի խնդիր՝ հնարավո՞ր է արդյունավետ կանխարգելել կոռուպցիան ներկայի եւ ապագայի համար, երբ հանրային ամբողջ միտքն ու «դիսկուրսը» պահանջում է տեսարաններ անցյալից:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Մեկնաբան
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն