Հայրենիքը մարդիկ են, որոնք մեր կողքին ապրում և արարում են. Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը


Հայրենիքը մարդիկ են, որոնք մեր կողքին ապրում և արարում են. Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը

  • 21-09-2019 09:45:37   | Հայաստան  |  Հասարակություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.
 
«Թանկագի՛ն հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,
 
 
Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
 
Այսօր Հայաստանի Անկախության օրն է:
 
Այն առանձնահատուկ պատգամ է՝ ավելի լավ ճանաչելու ինքներս մեզ՝ մեր երկիրը, մեր ինքնությունը, մեր հնարավորությունները, մեր ներուժը:
 
 
Ինչ որ ունենք այսօր՝ Ազատություն, Անկախություն, Հայրենիք, Պետություն, այդ ամենի համար պարտական ենք ինքներս մեզ:
 
Ինչ որ կարողանալու ենք ձեռք բերել, լինելու է կրկին մեր շնորհիվ՝ մեր համախմբվածության, մեր միասնական ջանքի, գործի վերածված մեր մտքի, միմյանց հանդեպ հարգանքի ու հանդուրժողականության:
 
Լավագույն ճանապարհն ամենօրյա աշխատանքն է, ամենօրյա արարումը, հոգատարությունը երկրի, պետության հանդեպ, հայրենապաշտությունը և հայրենաճանաչությունը:
 
Հայրենիքը կմնա ընդամենն աշխարհագրական քարտեզ, եթե այն չապրեցնենք մեր մեջ, չապրեցնենք մեզնով և չապրենք նրանով:
 
Հայրենիքը սիրելու և նրանով ապրելու համար պետք է այն ճանաչել: Իսկ ճանաչելու համար քարտեզի վրա նրա տեղն իմանալը բավարար չէ: Հայրենիքը տեսնել է պետք՝ Գյումրիից մինչև Գորիս, Սյունիքից մինչև Լոռի, Արցախից մինչև Տավուշ, Լորից մինչև Ահնիձոր:
 
Հայրենիքը տեսնելուց և զգալուց հետո ավելի հստակ է դառնում, թե ինչ է պետք անել նրա համար, ինչպես է պետք է անել և ինչու է պետք անել: Մենք պետք է ունենանք տեսլական, առաջարկենք և իրագործենք գաղափարներ ու ծրագրեր:
 
Հայրենիքը ճանաչելու համար պետք է հասկանալ հայրենատիրոջը, որովհետև Հայրենիքը նաև մարդիկ են, որոնք մեզ հետ, մեր կողքին ապրում և արարում են:
 
Ինչպես անկախության ձեռք բերման բախտորոշ օրերին և դրան հաջորդող դժվար տարիներին, այսօր էլ մեր պետության առջև կան մարտահրավերներ, որոնց հաղթահարման բանալին գտնվում է բացառապես մեր ձեռքերում։
 
Հրանտ Մաթևոսյանն ասում էր. «Հայրենիք ենք հիմնել, Հայրենիք ենք բարձրացնում…Հայրենիքը պահանջում է իր բոլոր որդիների, մեր ամենամյա, ամենօրյա, այսժամյա հավատավոր ջանքը»:
 
Չխնայե՛նք մեզ, մեր ջանքը, մեր միտքը, մեր սերը Հայրենիքի համար: Պաշտպան ու պահապան լինենք մեր պետությանը, մեր եկեղեցուն, հանդուրժող ու սրտացավ լինենք միմյանց հանդեպ:
 
Որպես պետություն, որպես ժողովուրդ մենք կամուրջ ենք քաղաքակրթությունների միջև: Աշխարհի տարբեր վայրերում խեղաթյուրվում են արժեհամակարգերը, քաղաքակրթությունները զոհաբերվում են քաղաքականությանը, մարդկային հարաբերությունները՝ տարատեսակ շահերի, մարդիկ միմյանց հանդեպ դառնում են անտարբեր ու հաճախ՝ օտար:
 
Ուստի առավել քան անհրաժեշտ է հոգատար լինել մեր արժեհամակարգի, մեկմեկու նկատմամբ: Մենք կարող ենք որպես մարդ լինել միմյանցից տարբեր, բայց հանուն մեր ընդհանուր նպատակների, հանուն մեր անկախության, հանուն մեր ապագայի պարտավոր ենք լինել համախմբված ու միասին:
 
Հավերժ փառք անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր հերոսներին:
 
Աստված զորավիգ անկախության և անվտանգության երաշխավոր մեր բանակին։
 
Կեցցե՛ անկախ Հայաստանի Հանրապետությունը:
 
Կեցցե՛ մեր ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
 
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացին:
 
Աստված պահապան բոլորիս»:
Նոյյան տապան  -   Հասարակություն