Հայաստանը հենվում է ինքնիշխանության, համահայկականության և փոխգործակցության սկզբունքների վրա. ՀՀ ԱԳՆ

21-09-2019 13:45:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայ ժողովուրդը հաղթեց իր ազգային ազատագրական պայքարը, ի լուր աշխարհի հռչակեց Հայաստանի անկախ պետականության վերականգնման մասին, և այսօր Հայաստանը միջազգային հանրության կարևոր անդամ է՝ վարելով տարածաշրջանային կայունության ամրապնդմանն ուղղված հավասարակշռված քաղաքականություն: Այս մասին ասված է Անկախության օրվա առթիով ՀՀ ԱԳՆ ուղերձում:
 


«Անկախ պետականություն ունենալու ձգտումը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի տարբեր սերունդների մեծագույն նպատակը: Մեր նախահայրերը իրենց դարավոր պայքարով մշտապես վառ են պահել ազատ և անկախ ապրելու վեհ գաղափարները մեր հավաքական ինքնագիտակցության մեջ: Հենվելով ազգային և համամարդկային արժեքների լավագույն համադրման վրա, ցուցաբերելով անկոտրում կամք և հանդես գալով որպես իրապես միասնական ուժ՝ հայ ժողովուրդը հաղթեց իր ազգային-ազատագրական պայքարը և ի լուր աշխարհի հռչակեց Հայաստանի անկախ պետականության վերականգնման մասին»,-ասված է ուղերձում:
 
Դրանում նշված է՝
այսօր Հայաստանը միջազգային հանրության կարևոր անդամ է՝ վարելով տարածաշրջանային կայունության ամրապնդմանն ուղղված հավասարակշռված քաղաքականություն և ակտիվորեն ներգրավելով աշխարհն ավելի անվտանգ և բարեկեցիկ դարձնելուն ուղղված միջազգային ջանքերում: Հայաստանը հենվում է ինքնիշխանության, համահայկականության և փոխգործակցության սկզբունքների վրա: Մենք գիտակցում ենք, որ ամեն օր ու ժամ մենք պարտավոր ենք առավելագույնն անել Հայաստանի և Արցախի անվտանգության և զարգացման համար բարենպաստ արտաքին քաղաքական միջավայր ստեղծելու նպատակով:
 
«Նախորդ տարի մենք ևս մեկ կարևոր պատմական նշանակության հաղթանակ տարանք, այս անգամ արդեն հանուն ժողովրդավարության և օրենքի գերակայության համար մղված մեր պայքարում: Հայ ժողովուրդը այս պայքարում ևս հենվում էր միասնականության և ազատատենչության գաղափարների վրա: Այսօր արդեն մենք պետք է առավելագույնը քաղենք Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման և մեր ներքին աննախադեպ համախմբվածության ընձեռած հնարավորություններից»,-նշված է ուղերձում:
 
Շնորհավորելով այս կարևոր տոնի առթիվ՝  ԱԳՆ-ից նկատել են՝ նախևառաջ հարգանքի տուրքը պետք է մատուցենք անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին, արժևորենք անկախության խորհուրդը, այն է համախմբվածությունն
ու հայրենասիրությունը: «Գիտակցենք, որ անկախ պետականությունը մի ժառանգություն է, որը պետք է շարունակել ամրապնդել և զարգացնել, որի համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները առկա են մեզ մոտ. դա մեզանից յուրաքանչյուրն է, ամեն մի հայ, ով մշտապես վառ է պահում անկախ և հզոր հայրենիք ունենալու գաղափարը՝ անկախ բնակության վայրից»,-ասված է ուղերձում:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 538 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար