Հայտնաբերվել է սպանության փորձ կատարելու համար հետախուզման մեջ գտնվող անձը


Հայտնաբերվել է սպանության փորձ կատարելու համար հետախուզման մեջ գտնվող անձը

  • 23-09-2019 15:17:34   | Լոռու մարզ  |  Իրավունք

 
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում շարունակվում է Վանաձորի 32-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հետախուզման մեջ գտնվող 58-ամյա տղամարդը հայտնաբերվել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազենով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցում կրակել էր համաքաղաքացու՝ 1987թ. ծնված տղամարդու որովայնին՝ պատճառելով հրազենային վնասվածք:
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել էր քննչական խմբին:
Նախաքննության ընթացքում կատարված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել էին դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույնպես Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1961 թվականին: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
 
Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում կասկածյալը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:
 
Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու մասին քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է: 
 
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Իրավունք