Կարեւորվել է Հայաստանում գործուն արհմիությունների մասին օրենք ունենալու հարցը


Կարեւորվել է Հայաստանում գործուն արհմիությունների մասին օրենք ունենալու հարցը

  • 23-09-2019 17:29:26   | Հայաստան  |  Մամուլի սրահ

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է ամերիկյան «Էս Ի Այ Յու» կազմակերպության Կալիֆորնիայի գրասենյակի պատասխանատուների հետ: Կազմակերպությունը զբաղվում է աշխատավորների շահերի պաշտպանության հարցերով:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում արհմիությունների մասին օրենսդրությանն առնչվող հարցեր:
 
Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվել է արհմիությունների ստեղծման եւ կազմավորման նոր մոդել, որը, ցավոք, չի արժանացել խորհրդարանի հավանությանը:
 
Կողմերը մտահոգիչ են համարել, որ Հայաստանում աշխատող մարդու շահերն իրավական առումով պաշտպանված չեն: Այս համատեքստում Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ առաջիկայում քաղաքական ուժերի միջեւ կսկսվեն քննարկումներ՝ գործուն արհմիությունների մասին օրենք ունենալու հարցի վերաբերյալ:
 
Կալիֆորնիայի գրասենյակի տնօրեն Շուշան Բաղբուդարյանը նշել է, որ իրենց կազմակերպության շահառուներ են հանդիսանում 2.5 մլն աշխատողներ: Հյուրի խոսքով՝ կազմակերպությունը պատրաստ է վերոնշյալ հարցում Հայաստանի կառավարությանը ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն՝ փորձի փոխանակում իրականացնելու միջոցով նպաստել մեր երկրում արհմիությունների գործուն ցանց ստեղծելուն:
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ