Ապօրինի 65 ծառ էր հատել. ոստիկանության բացահայտումը


Ապօրինի 65 ծառ էր հատել. ոստիկանության բացահայտումը

  • 23-09-2019 17:38:33   | Հայաստան  |  Իրավունք



Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` հատկապես ապօրինի ծառահատումները բացառելուն և յուրաքանչյուր նոր դեպք արձանագրելիս իրազեկում է հասարակությանը, ինչը նույնպես զգոնության կոչ է:
 
Նման մի դեպք օրերս, ոչ ստուգայցի ժամանակ այլ` օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բացահայտեցին:
 
Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Գուգարքի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Եղեգնուտ գյուղի 60-ամյա մի բնակիչ գյուղի հարակից հանդամասում բենզասղոցով ապօրինի ծառ է հատել, փայտանյութը տեղափոխել տուն: Նույն օրը տղամարդը բաժին հրավիրվեց, խոստովանեց, որ ծառն օգոստոս ամսին է հատել, բայց, ինչպես նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց, դա նրա միակ ապօրինի ծառահատումը չէր:
 
Կասկածվողը խոստովանական բացատրություն է տվել, որ սեպտեմբերի 5-ից 10-ը Եղեգնուտ գյուղի «Մքլոյի թալա» կոչվող հանդամասում բենզասղոցով տարբեր տեսակի ու տրամագծի 65 ծառ է հատել, փայտանյութը թողել է հանդում` հետագայում տուն տեղափոխելու նպատակով:
 
Դեպքի վայրի զննության ընթացքում 60-ամյա տղամարդը մատնացույց է արել և՛ մասնատված փայտանյութը, և՛ հատված ծառերի կոճղերը, 3խմ փայտանյութ էլ ոստիկանները հայտնաբերել են նրա տան բակում:
 
Փայտանյութն ի պահ է հանձնվել անտառտնտեսության աշխատակիցներին: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Բնության պատճառած վնասի չափը ճշտվում է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play