Հարվածի տակ է պետության շահը՝ թափանցիկ ակնարկներ եք անում․ վերջակետ դրեք․ Դավիթ Շահնազարյանը՝ Փաշինյանին եւ Վանեցյանին


Հարվածի տակ է պետության շահը՝ թափանցիկ ակնարկներ եք անում․ վերջակետ դրեք․ Դավիթ Շահնազարյանը՝ Փաշինյանին եւ Վանեցյանին

  • 24-09-2019 07:14:01   | Հայաստան  |  Քաղաքական



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և արդեն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին ուղղված կոչով է հանդես եկել ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը. նա հորդորել է կողմերին վերջակետ դնել միմյանց դեմ մեղադրանքներին եւ փակել թեման։ 
 
Դ․Շահնազարյանը, մասնավորապես նշել է. 
 
«Վերջին օրերին ՀՀ վարչապետը և ԱԱԾ նախկին ղեկավարը հրապարակայնորեն հանդես են գալիս միմյանց դեմ մեղադրանքներով։ Դա խորապես մտահոգել է ինձ։ Ես դիմում եմ ձեզ երկուսիդ՝ պարոն Փաշինյան, պարոն Վանեցյան, որովհետև ակնհայտ է, որ դուք մոտեցել եք արդեն մի սահմանագծի, որից այն կողմ արդեն մեծագույն վտանգ է։ Ակնհայտ է, որ միմյանց դեմ ուղղված այս խաղում ձեզնից ոչ մեկը չի շահելու, առավել ևս՝ չի հաղթելու։ Երկու կողմից էլ թափանցիկ ակնարկներ են արվում,  խոսվում հետեւանքների մասին։  Այն սահմանագիծը, որին դուք հասել եք՝ դա այն եզրագիծն է, որից հետո արդեն պետության շահն է։ Դուք չեք շահելու։ Երկուսդ էլ կորցնելու եք, բայց այս գործընթացի շարունակության դեպքում ակնհայտ է, որ շատ մեծ՝ կասեի անդառնալի, կորուստներ կարող է ունենալ մեր պետականությունը։ 
 
Դուք զբաղեցրել եք եւ զբաղեցնում եք երկու այն կարեւորագույն պաշտոնները հանրապետությունում, որ հստակ պետք է գիտակցեք, որ թե դուք, թե այդ պաշտոնները զբաղեցրած բոլոր ձեր նախորդները՝ սկսած խորհրդային ժամանակներից, տիրապետում են տեղեկատվության այնպիսի հսկայական ծավալի, որ անգամ դրա փոքր մասի արտահոսքը կարող է բերել մեծ ցնցումների՝ եւ ոչ միայն հանրապետության ներսում, եւ որից միանգամից կարող են օգտվել մեր հակառակորդները եւ արտաքին ուժերը։ 
 
Պարոնայք, ես ձեզ կոչ եմ անում ամբողջովին գիտակցել այն պատասխանատվությունը, որ կա ձեզ վրա, փակել այդ թեման, վերջակետ դնել։ Դուք հստակ պետք է գիտակցեք, որ հանգամանքների բերումով զբաղեցնելով այդ պաշտոնները՝ պետականության հանդեպ ձեր պատասխանատվությունը չի ավարտվել, կամ չի ավարտվելու ձեր պաշտոնանկությամբ, դուք դատապարտված եք այդ պատասխանատվությունը կրել ողջ կյանքում, ապրել այդ պատասխանատվությամբ: Ոչ մի քաղաքական պայքար չի կարող լինել անսահմանափակ․ կուսակցական, անձնական շահերից միշտ վեր պետք է լինի պետականության շահը։ 
 
Պարոնայք, ես վստահ եմ, որ  դուք գիտակցում եք, որ պաշտոնները, պաշտոնավարումը՝ դրանք ժամանակավոր են, իսկ պետությունը, որը բացարձակ արժեք է, մշտական է։ Ինչքան էլ զարմանալի լինի շատերի համար, ես հուսով եմ, որ պատասխանատվությունը ձեր մեջ կհաղթահարի ամեն ինչ, կհաղթահարի  ձեզ շրջապատողների ցանկությունը եւ ոգեւորությունը շարունակել այս ամենը։ 
 
Ես ձեզ կոչ եմ անում դնել վերջակետ, թեման համարել փակված, եւ նորից եմ ասում՝ հուսով եմ, որ դուք այդպես էլ կանեք։ Պետականությունը բարձրագույն արժեք է։ 
 
Աստված օրհնի Հայաստանի եւ Արցախի հանրապետությունները»։
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play