ԱԱԾ-ն բացահայտել է կեղծ ոսկու ձուլակտորների պատրաստման եւ իրացման դեպք
24-09-2019 19:16:34 | Հայաստան | Իրավունք
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է շուրջ 2 կգ քաշով կեղծ ոսկու ձուլակտորների պատրաստման եւ իրացման դեպք։
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ մի խումբ քաղաքացիներ, գալով նախնական համաձայնության, ոսկերչությամբ զբաղվող անձանց միջոցով պատրաստել են ոսկեպատ արծաթե համաձուլվածքներ՝ ոսկու ձուլակտորների նմանողությամբ, եւ նախաձեռնել դրանց իրացումը:
Մասնավորապես՝ 2019թ. սեպտեմբերի 8-ին նշված կեղծ ձուլակտորներից շուրջ 0.5 կգ-ը խաբեությամբ վաճառել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն՝ վերջինիցս ստանալով 9 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այնուհետեւ, սեպտեմբերի 23-ին, նշված անձինք փորձել են նույն քաղաքացուն իրացնել եւս 1.5 կգ կեղծ ոսկու ձուլակտորներ՝ 27.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, սակայն գործարքն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, ինչից անմիջապես հետո առերեւույթ հանցագործություն կատարած անձինք բռնվել եւ բերման են ենթարկվել:
Բացի այդ, ըստ հավաստի օպերատիվ տվյալների, վերջիններս կեղծ ոսկու ձուլակտորներ են գրավադրել նաեւ հայաստանյան բանկերից մեկում՝ դրա դիմաց ստանալով գումար:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցված քրեական գործն ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննությունը շարունակելու նպատակով: Երկու անձ ձերբակալվել է, երրորդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: