Նիկոլ Փաշինյանը և Ժան Քրեթեյնը քննարկել են հայ-կանադական կապերի զարգացման հարցեր


Նիկոլ Փաշինյանը և Ժան Քրեթեյնը քննարկել են հայ-կանադական կապերի զարգացման հարցեր

  • 25-09-2019 09:58:54   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, հանդիպել է Կանադայի նախկին վարչապետ Ժան Քրեթեյնի հետ, ով այս տարի ներկայացնում է Կանադայի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ընթացքում։
 
Ժան Քրեթեյնը, ողջունելով Նիկոլ Փաշինյանին, նշել է, որ ուրախ է տեսնել Հայաստանի վարչապետին, ով հետաքրքիր, անսովոր քաղաքական կարիերա ունի, և այժմ առաջնորդում է Հայաստանը ժողովրդավարության ճանապարհով։ Նրա խոսքով՝ Հայաստանն ու Կանադան արդյունավետ երկկողմ հարաբերություններ ունեն, և Կանադան կարևորում է այդ կապերի շարունակական զարգացումը։
 
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել Կանադայի պատվիրակության հետ և քննարկել երկկողմ գործակցության օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետն անդրադարձել է Հայաստանում իրականացվող արմատական բարեփոխումներին, որոնք միտված են մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը և հզորացմանը։ Այս գործընթացում, վարչապետ Փաշինյանի խոսքով, միջազգային գործընկերների աջակցությունը համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով նույնպես օգտակար կլինի։ 
 
Հանդիպմանը քննարկվել են տնտեսական, մասնավորապես, ենթակառուցվածքների, նորարարությունների, կենսաթոշակային շուկայի ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ-ում Հայաստանի և Կանադայի մշտական ներկայացուցիչների մակարդակով շարունակել քննարկումները կոնկրետ ծրագրերի շուրջ։
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play