ՄԱԿ-ում վարչապետի ելույթն ավելի արդյունավետ կլիներ, եթե անդրադառնար արտաքին քաղաքականության մարտահրավերներին, անվտանգության խնդիրներին. միջազգայնագետ


ՄԱԿ-ում վարչապետի ելույթն ավելի արդյունավետ կլիներ, եթե անդրադառնար արտաքին քաղաքականության մարտահրավերներին, անվտանգության խնդիրներին. միջազգայնագետ

  • 27-09-2019 16:12:12   | Հայաստան  |  Քաղաքական

 
ՄԱԿ-ում վարչապետի երկրորդ ելույթի մեսիջները մի փոքր ավելի լայն կարող էին լինել գոնե այն առումով, որ նույն ամբիոնից վարչապետը նորից խոսեց հեղափոխության, դրա հետևանքների ու պատճառների մասին: 
 
Նման կարծիք սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: 
 
Ըստ նրա՝ միջազգային հանրությանն այդքան էլ հետարքրիր չէ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները, մինչդեռ ավելի արդյունավետ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանն անդրադառնար Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերներին, անվտանգության խնդիրներին և ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումներին: 
 
Ս. Սարգսյանի խոսքերով՝ վարչապետի ելույթում Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջ քաշված այն թեզը, թե լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, մի փոքր թարմացված էր այն առումով, որ կոչ արեց Ադրբեջանի իր գործընկերոջն ընդունել այդ սկզբունքը: 
 
«Ես կուզենայի, որ վարչապետը հստակ գնահատական տար Թուրքիային, իհարկե Թուրքիային անդրադարձ եղավ, բայց կուզենայի, որ ավելի մեծ տեղ տրվեր Թուրքիայի հետ մեր հարաբերություններին կամ այսպես ասած չհարաբերություններին: Առանձնացվեին նաև Թուրքիայի կողմից իրականացվող քաղաքական քայլերը որպես միջազգային իրավունքի սկզբունքների ոտնահարում, մասնավորապես, Հայաստանի շրջափակումը»,- ընդգծեց միջազգայնագետը՝ հավելելով, որ Արցախի հարցում պետք է դիմել «Անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառմանը: 
 
Ս. Սարգսյանի փոխանցմամբ՝ այդ սկզբունքն այն մասին է, որ եթե մի ժողովուրդ կամ մի ազգ ճնշման է ենթարկվում և կա ֆիզիկական ոչնչացման ուղղակի ու ակնհայտ սպառնալիք, ապա այդ ժողովուրդը կարող է առանձնանալ: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական