Վահագնի թաղամասը սկսում է «Կանաչ նորարարություն» ծրագրի առաջին փուլը
02-10-2019 17:40:22 | Հայաստան | Հասարակություն
«Հովնանյան Ինտերնեյշնլ»-ը՝ Վահագնի թաղամասի սեփականատերը, այսօր հայտարարել է խելացի քաղաքի նախագծի առաջին փուլի մասին, որով նախատեսվում է կառուցել 500կՎտ հզորությամբ արևային կայան: Կայանը շահագործման կհանձնվի վեց ամսվա ընթացքում: Նախագիծն իրականացնում է Սոլար Գրուպ ընկերությունը:
500կՎտ հզորությամբ արևային կայանը ֆինանսավորում է Ամերիաբանկ ՓԲԸ-ն իր ֆինանսական լիզինգի ծրագրի շրջանակում: Հաշվի առնելով «Կանաչ» ծրագրերի կարևորությունը՝ ֆինանսավորումը տրամադրվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) համապատասխան նախագծի արտոնյալ պայմաններով:
Արևային կայանը կփակի Վահագնի թաղամասի էլեկտրաէներգիայի ընդհանուր ծախսի մոտ 25%-ը: «Հովնանյան Ինտերնեյշնլ»-ը նախատեսում է անցնել կայուն էներգիայի ամբողջական օգտագործմանը և թաղամասում առաջադեմ տեխնոլոգիաներ կիրառելով օգտվել արևային և քամու էներգիաներից:
«Վահագնի թաղամասի անցումը էլեկտրաէներգիայի բնագավառում նորարար տեխնոլոգիաներին մեր պարտքն է աշխարհի առաջ՝ վերականգնելու մոլորակի բնապահպանական հավասարակշռությունը: Նախատեսում ենք անել ավելին թաղամասի համար և դառնալ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների օրրանը»,-ասել է «Հովնանյան Ինտերնեյշնլ»-ի տնօրեն Նինա Հովնանյանը:
Սոլար Գրուպ ընկերությունը կառուցում է 500կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան, որն ամենամեծն է Հայաստանում որպես կոմերցիոն կայան՝ կառուցված միկրոինվերտերային տեխնոլոգիայով: Այս տեխնոլոգիան շեշտը դնում է ավելի բարձր արդյունավետության, ավելի անվտանգ համակարգի ու ավելի մատչելի գների վրա: Գլխավոր առաջնահերթությունը եղել է առաջադեմ տեխնոլոգիայի միջոցով էլեկտրաէներգիայի առավելագույն արտադրություն ապահովող համակարգ առաջարկելը:
«Հպարտ ենք լինել Վահագնի թաղամասի «Կանաչ նորարարություն» ծրագրի մի մասը: Հաճելի է տեսնել, որ ավելի շատ ընկերություններ ու բնակելի թաղամասեր են անցում կատարում կանաչ ու վերականգնվող էներգիայի օգտագործմանը: Վահագնի թաղամասին առաջարկել ենք նորարար ու յուրահատուկ լուծում, որի արդյունքը կտեսնեք շատ շուտով: Սոլար Գրուպ ընկերությունը միշտ պատրաստ է իրականություն դարձնել իր հաճախորդների ամենաբարդ ցանկությունները»,-նշել է Սոլար Գրուպ ընկերության տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը:
Սոլար Գրուպը նախատեսում է շարունակել Վահագնի թաղամասի հետ համագործակցությունը վերականգնվող էներգետիկայի ոլորտում և մասնակցություն ունենալ նրանց հետագա ծրագրերին: