Դեսպանի արձագանքը հայկական սկանդալին


Դեսպանի արձագանքը հայկական սկանդալին

  • 03-10-2019 15:51:00   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է Հայաստանում «համացանցը ցնցած» միջադեպին՝ Արփինե Հովհաննիսյանի նկատմամբ Անդրանիկ Քոչարյանի արած հայտարարության պատմությանը:
 
Ֆրանսիայի դեսպանը մեջբերել է պատգամավոր Մանե Թանդիլյանի եւ Հայաստանի մարդու իրավունքի պաշտպանի անդրադարձերը, որոնք դատապարտում են տեղի ունեցածը, եւ խոսել նաեւ քաղաքականության մեջ հատկապես կին գործիչների հանդեպ ատելության խոսքի անթույլատրելիության մասին:
 
Ֆրանսիայի դեսպանի անդրադարձն անշուշտ քաղաքակրթական եւ արժեհամակարգային նշաձողի դրսեւորում է, որում գտնվում է Ֆրանսիան եւ որի պաշտպանության դիրքում գործելը ֆրանսիական պետական քաղաքականության առանցքային բաղադրիչ է:
 
Միաժամանակ, սակայն, Ֆրանսիայի դեսպանի անդրադարձը տալիս է նրա որոշակի աշխուժությունից խոսելու հիմք, որ դրսեւորվում է վերջին օրերին Հայաստանի թե ներքին, թե արտաքին քաղաքական շրջանակում ծավալվող իրադարձությունների համատեքստում:
 
Վերջին հաշվով, Հայաստանում արդեն տեւական ժամանակ գործունեություն ծավալող դեսպանին անշուշտ քաջ հայտնի կարող է լինել Քոչարյան-Հովհաննիսյան պատմության շուրջ արձագանքների տողատակում առկա ներքաղաքական հարաբերակցության խնդիրները: Դեսպանն իհարկե չի խառնվում դրանց, վեր է կանգնում այդ աստիճանից, սակայն դրանից իհարկե քաղաքական տողատակը չի փոխվում:
 
Օրինակ, նախօրեին էլ Ֆրանսիայի դեսպանը լուսանկարային անդրադարձ էր արել Հայաստանում ԵՏՄ վեհաժողովին եւ արել բազմիմաստ մեկնաբանություն: Մասնավորապես, նա տեղադրել էր միկրոավտոբուսում Վեհաժողովի մասնակիցների համատեղ սելֆին, որ հրապարակել էր Նիկոլ Փաշինյանը, եւ դրա վերեւում դրել մեկ տարի առաջ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի Վեհաժողովի շրջանակից Նիկոլ Փաշինյանի արած մեկ այլ սելֆի՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, նրա տիկնոջ եւ Հայաստանի վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ:
 
Դեսպանը այդ երկու սելֆիների համադրումը մեկնաբանել էր Հայաստանի «բազմավեկտոր» քաղաքականության մասին գրառումով, ասելով, որ մեկ տարի առաջ Երեւանում Ֆրանկոֆոնիայի Վեհաժողովն էր, իսկ այսօր արդեն՝ ԵՏՄ Վեհաժողովը:
 
Ի՞նչ էր ուզել ասել Ֆրանսիայի դեսպանը՝ ուղիղ մատնանշել բազմավեկտորությո՞ւնը, թե՞ ակնարկել, որ թավշյա հեղափոխությունից մի քանի ամիս անց Հայաստանը ֆրանկոֆոն ուղղության վրա էր, որն ընդգրկում է իհարկե ոչ միայն Եվրոպան, բայց գլխավորապես ասոցացվում Եվրոպայի առաջատարներից մեկի՝ Ֆրանսիայի հետ, իսկ այժմ արդեն մի «գազելում» է եվրասիական առաջնորդների հետ, որոնց բնորոշիչներում ժողովրդավարությունը առաջին տեղերում չէ:
 
Մյուս կողմից, իհարկե, զուտ քաղաքական պրագմատիզմի իմաստով դեսպանին հասկանալի է, որ Հայաստանը չի կարող իր արտաքին քաղաքականությունը բաժանել ժողովրդավար եւ ոչ ժողովրդավար գործընկերների, եւ Հայաստանի շահից է բխում ոչ թե տարբերակել նրանց, այլ կարողանալ գտնել բոլոր անհրաժեշտ ուղղություններով աշխատելու հնարավորություն ու կարողություն: Ի վերջո, դրանից է նաեւ կախված Հայաստանի ժողովրդավարական ընթացքի կայունության եւ անվտանգության հարցը: Հավանական է, որ Ֆրանսիայի դեսպանն էլ արձագանքում էր դրան, այդպիսով հայտնելով Երեւանի այդ կարողությանը Փարիզի գնահատականը:
 
Համենայն դեպս, Ֆրանսիայի դեսպանն էլ փաստացի դրսեւորում է Հայաստանի շուրջ իրադարձությունների նկատմամբ աշխույժ ուշադրություն: Դա զուտ դեսպանի աշխուժությո՞ւն է, թե՞ նախանշում է Հայաստանի ուղղությամբ ֆրանսիական քաղաքականության աշխուժացում:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Մեկնաբան
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն