Վրաստանին կհասցնեն վնասել. մնում է պայմանավորվել Երեւանի հետ
04-10-2019 13:27:34 | Հայաստան | Վերլուծություն
Պուտինի եւ Ալիեւի հանդիպումները հայաստանյան դիտանկյունից մշտապես ուշադրության են արժանանում արցախյան հարցի համատեքստում, ինչը միանգամայն հասկանալի է: Սակայն արդյոք ռուս-ադրբեջանական այդ կարգի շփումները հայաստանյան դիտանկյունից միայն արցախյան հարցի առնչությամբ են արժանի ուշադրության:
Թերեւս ոչ, առավել եւս ներկայիս շրջափուլում, երբ Կովկասի ռեգիոնալ դասավորությունում ուշագրավ զարգացումներ են խմորվում Վրաստանի ուղղությամբ: Դրանք բաց կոնֆլիկտային չեն, բայց խորքում արդեն պարունակում են ագրեսիայի շոշափելի տարրեր: Վրաստանի նկատմամբ ագրեսիվ հավակնություն է դրսեւորում Ադրբեջանը: Ադրբեջանցիները գործնականում յուրացրել են վրաց-ադրբեջանական սահմանային որոշ տարածքներ: Միաժամանակ, Ադրբեջանը հավակնություն է ներկայացնում Վրաստանի հարավ-արեւելյան տարածքների, նույնիսկ մայրաքաղաք Թբիլիսիի նկատմամբ:
Կովկասի ռեգիոնալ անվտանգության նոր համակարգը, որ ձեւավորվել է Արցախում հայկական հաղթանակով, կարեւոր շարունակություն է ենթադրում դեպի Վրաստան: Վրաստանը գործնականում պետք է լինի նոր անվտանգության համակարգի թիկունքը: Հայաստանի ապրիլյան դիմադրությունից եւ անվտանգության համակարգի պահպանումից հետո Վրաստանն էր դիտվելու «թույլ օղակ»: Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, որը ամրացրեց Հայաստանի ռազմա-քաղաքական դիրքը, Վրաստանի հարցը ավելի սրվեց:
Իրավիճակն այստեղ բավական բարդ է: Վրաստանում աշխույժ «խաղում» են Եվրատլանտյան բեւեռը, Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը: Ռուսաստանի դերն այստեղ երկիմաստ է: Մոսկվան ռազմավարական որոշման առաջ է՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ «շրջանցել» Հայաստանի պահպանած դիրքն ու ստատուս-քվոն եւ այն փոխելու նոր ջանքը սկսել Վրաստանի՞ց, թե՞ Վրաստանում պայմանավորվել Արեւմուտքի, մասնավորապես ԱՄՆ հետ՝ Հայաստանի ձեւավորած անվտանգության նոր համակարգը ամբողջացնելու եւ դրանում իր դերը ամրապնդելու համար:
Պուտին-Ալիեւ հանդիպումից առաջ ՄԱԿ ԳԱ շրջանակում տեղի է ունեցել Վրաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որն առաջինն է եղել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո:
Օրերս էլ Վրաստանի պաշտպանության նախարարը Թբիլիսիում ընդունել էր Ադրբեջանի դեսպանին եւ դեսպանության ռազմական կցորդին:
Վրաստանը մի կողմից ձգտելով խուսափել սուր անկյուններից, մյուս կողմից անկասկած պատկերացնում է, որ լրջագույն թիրախում է: Երեւանը միակն է, ում հետ Վրաստանը կարող է պայմանավորվել, ինչի շնորհիվ Վրաստանում կարող են անվտանգության նոր համակարգի շուրջ պայմանավորվել ԱՄՆ ու Ռուսաստանը, ոչ թե Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը: Երկրորդ պայմանավորվածությունը չի կարող լինել հաստատուն ու երկարաժամկետ, բայց Վրաստանին հսկայական վնաս հասցնել կկարողանա: