Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ


Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ

  • 05-10-2019 13:55:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. 
 
«Սիրելի՛ ուսուցիչներ,
 
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:
 
Անգնահատելի է ձեր դերը սերունդներին գիտելիքներ փոխանցելու, դաստիարակելու գործում, քանի որ  նոր Հայաստանում կարևորը գիտելիքի, հմտությունների, ընդունակությունների զարգացումն է: 
 
Նոր Հայաստանում ուսուցիչը, դպրոցն իրենց առջև պետք է ոչ թե ուղղակի խնդիր դնեն երեխային ինչ-որ տվյալներ փոխանցելու,  այլ պետք է գալիք սերունդին պատրաստեն թռիչքի` շատ ավելի  բարձր նպատակների և արդյունքների հասնելու, Հայաստանի վաղվա բարեկեցիկ ապագան կերտելու համար: Դա նշանակում է, որ նաև ձեզանից ու  ձեր պատասխանատու աշխատանքից է կախված, թե ինչպիսին կլինի վաղվա Հայաստանը:
 
Սեպտեմբերի 1-ից հանրապետության 38 հազար ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է 10 տոկոսով: Այս գործընթացը լինելու է շարունակական, քանի որ կառավարությունն ուշադրության կենտրոնում պետք է պահի կրթության ոլորտը, կրթության որակի շարունակական բարձրացման հարցը:   
 
Սիրելի՛ ուսուցիչներ, 
 
մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ, մաղթում՝ քաջառողջություն, երջանկություն և աշխատանքային բազում հաջողություններ»:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play