Վարչապետը և «Յանդեքս»-ի գլխավոր տնօրենը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր

08-10-2019 14:30:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է WCIT 2019 մասնակից, «Յանդեքս» ընկերությունների խմբի  համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արկադի Վոլոժին:
 


Ողջունելով «Յանդեքս» ընկերությունների խմբի  գլխավոր տնօրենի մասնակցությունը ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ վարչապետը նշել է, որ այս տարի հունիսին Սանկտ Պետերբուրգում արդյունավետ քննարկում է ունեցել «Յանդեքս»-ի ղեկավարության հետ համատեղ հնարավոր ծրագրերի շուրջ, և պարոն Վոլոժի հետ հանդիպումը խոսում է առկա համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու երկկողմ պատրաստակամության մասին:  «Մենք շահագրգռված ենք, որպեսզի «Յանդեքս»-ը հաջող գործունեություն ծավալի մեր երկրում և նոր ներդրումներ կատարի, մասնավորապես, արհեստական բանականության
ոլորտում, որի մասին քննարկում ունեցանք Սանկտ Պետերբուրգում», -ասել է Նիկոլ Փաշինյանը:
 
«Յանդեքս» ընկերությունների խմբի  համահիմնադիրը, գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ համաժողովին մասնակցելու հրավերի համար, ինչը լավ առիթ է տեխնոլոգիական
ոլորտի զարգացման և Հայաստանի հետ փոխգործակցության օրակարգի շուրջ մտքեր փոխանակելու համար: Արկադի Վոլոժը նշել է, որ «Յանդեքս»-ն արդյունավետ է գնահատում Հայաստանում, մասնավորապես, տաքսի ծառայությունների ոլորտում կատարված ներդրումները և հետաքրքրված է ինչպես այս, այնպես էլ փոխշահավետ այլ ոլորտներում նոր ծրագրերի իրականացմամբ: Նա, մասնավորապես, ներկայացրել է «Յանդեքս»-ի կողմից մի շարք երկրներում նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ առանց վարորդ տաքսի ծառայության ներդրման փորձը և վիճակագրությունը՝ այն համարելով հաջողված:
 
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտը հռչակել է առաջնահերթություն, Հայաստանը շարժվում է տեխնոլոգիական երկիր դառնալու ճանապարհով, և այս առումով տարբեր, ներառյալ՝ ծառայությունների ոլորտում նորարարական տեխնոլոգիաների տարածումը հետաքրքրական է մեր երկրի համար: Վարչապետն առաջարկել է աշխատանքային խմբի ձևաչափով առավել առարկայական քննարկումներ սկսել և հետագա անելիքների առնչությամբ համապատասխան հանձնարարական տվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 545 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար