Սուրեն Պապիկյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցչին

09-10-2019 17:25:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի տրանսպորտի և հաղորդակցման գծով տնօրեն Անդրեյ Գլավատսկիխին։ 
 
Հանդիպմանը կողմերը քննարկել են Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-Հարավ միջանցքի, ոռոգման համակարգերի զարգացման ծրագրերի, ինչպես նաև երկկողմ օրակարգի առարկա հանդիսացող ենթակառուցվածքային արդիականացման մի շարք հարցեր։   
 
Նախարար Պապիկյանը կարևորել է բանկի հետ բազմաոլորտ և ընդգրկուն համագործակցությունը և նկատել, որ ենթակառուցվածքների զարգացման նոր փուլ թևակոխելու պայմաններում Հայաստանի և հիմնադրամի միջև հաստատված գործընկերային հարաբերություններն
առավել հեռանկարային դրսևրումներ են ստանում։ 
 
Օրակարգային հարցերի թվում զրուցակիցներն անդրադարձել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Ագարակ-Քաջարան հատվածի տեխնիկատնտեսական և նախագծման աշխատանքների իրականացմանը։ 
 
Ընդգծելով ՀՀ կառավարության համար ծրագրի ռազմավարական նշանակությունը՝ նախարար Սուրեն Պապիկյանը հատուկ շեշտել է, որ շինաշխատանքներն անհրաժեշտ է վստահել ոլորտում բարձր մասնագիտացվածություն, փորձառու ու հեղինակություն վայելող կազմակերպության, որն ամբողջական պատասխանատվություն կկրի կատարված աշխատանքների համար։
 
ԿԶԵՀ տրանսպորտի և հաղորդակցման գծով տնօրեն Անդրեյ Գլավատսկիխը բարձր է գնահատել տարբեր ուղղություններով ենթակառուցվածքային զարգացման ՀՀ կառավարության հանձնառությունը և հիմնադրամի անունից պատրաստակամություն հայտնել աջակցել հայկական կողմի նախաձեռնություններին։
   
Ավարտին անդրադարձ է եղել համատեղ ծրագրերի անխափան և բնականոն ընթացքի ապահովմանն ուղղված տեխնիկական, կազմակերպչական և ընթացակարգային հարցերին։  
Հիշեցնենք, որ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4–ի Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցումը  ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի միջոցներով՝ 2015 թվականի ապրիլի 14-ին ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակներում: 32
կմ ընդհանուր երկարությամբ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի վերակառուցման նախագծումն իրականացնում է հայտարարված միջազգային մրցույթում հաղթող ճանաչված «Այ Առ Դի Ինջենիրինգ և Ջի Փի Ինջեներիա» ՀԳ իտալական ընկերությունը: Նախագծման աշխատանքներն սկսվել են 2019 թվականի սեպտեմբերի 9-ին և նախատեսվում է ավարտել 15 ամսվա ընթացքում, իսկ շինարարական աշխատանքները՝ 2021-2023 թթ.:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 518 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար