Եթե պետք է ադրբեջանական խոսքը լայն տարածում ունենա ՀՀ-ում, մենք որպես հպարտ քաղաքացիներ` պատրաստ ենք միշտ դեմ կանգնելու յուրաքանչյուր հակաքարոզչության (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Եթե պետք է ադրբեջանական խոսքը լայն տարածում ունենա ՀՀ-ում, մենք որպես հպարտ քաղաքացիներ` պատրաստ ենք միշտ դեմ կանգնելու յուրաքանչյուր հակաքարոզչության (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 09-10-2019 17:43:58   | Հայաստան  |  Հասարակություն



 
Եթե պետք է ադրբեջանական խոսքը լայն տարածում ունենա ՀՀ-ում, մենք որպես ՀՀ բնակիչներ, հպարտ քաղաքացիներ, պատրաստ ենք միշտ դեմ կանգնելու յուրաքանչյուր հակաքարոզչության: 
 
Այս մասին հոկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց օրերս «Հայելի» մամուլի ակումբի շենքի դռներին ի նշան բողոքի՝ ձվեր նետած և պաստառներ փակցրած երիտասարդներից Դավիթ Հովհաննիսյանը:  
 
Ըստ նրա՝ իրենց գործողությունը, որը որակվեց հարձակում և ոտնձգություն մամուլի ու ազատ խոսքի դեմ, անտեղի է, քանի որ իրենց ակցիայի նպատակն է եղել ոչ թե ԶԼՄ-ին ճնշելը, այլ իրավապահ մարմիններին ցույց տալ իրենց ձևակերպմամբ՝ պետական դավաճանություն իրականացրած «օջախի» տեղը: 
 
Լայն հնչեղություն ստացած ակցիայի մյուս մասնակից Հայկ Ստեփանյանի խոսքերով՝ հակահայկական բովանդակությամբ մամուլի հրապարակումներն ինքն անձամբ բազմիցս տեղադրել է ֆեյսբուքի իր էջում և նշել իրավապահ մարմինների սոցիալական էջերը, որպեսզի այդ կերպ վերջիններիս ուշադրությունը հրավիրի տեղի ունեցող հակաքարոզչության վրա, սակայն երբևէ որևէ արձագանք չի ստացել: 
 
«Այս հրապարակմանը ես կարող էի չանդրադառնալ, եթե ընդամենը լիներ նյութը, բայց այդ ամեն ինչը համեմել նման վերնագրով՝ Ալիևի հուժկու պատասխանը Փաշինյանին, նկարը ես ձեզ ցույց կտամ, իր մեջ պարունակում է Ադրբեջանի նախագահի ծավալուն ելույթը, այսինքն՝ սա համարվում է պատասխան նաև հայ ժողովրդին, և դուք կարծո՞ւմ եք՝ մենք սխա՞լ գործողություն ենք արել»,- ընդգծեց Հ. Ստեփանյանը:
 
Իրավապաշտպան Արտակ Գալստյանն անդրադառնալով կատարվածին՝ նշեց, որ տղաների կատարած գործողությունն ընդհանրապես հանցագործություն չէ, բայց առաջադրված մեղադրանքի համատեքստում դրա դասական արտահայտությունն է: 
 
«3-4 ամիս ՀՀ իրավապահ մարմինները ոչ մի արձագանք չեն տվել ՀՀ տարածքում իրականացվող պրոադրբեջանական, հակահայկական քարոզչությանը: Ստիպված ՀՀ ժողովուրդը, որի մի մասնիկն էլ այս տղաներն են, իրականացրել են իրենց Սահմանադրական լիազորությունները, փորձել են կանխել, ընդ որում չենք գնացել ինքնիրավչության, իրենց ձեռքով պատժելու ճանապարհով, այլ ընդամենը մատնացույց են արել և վերջին շանսը տվել ՀՀ իրավապահներին»,- նկատեց Ա. Գալստյանը: 
 
Վերջինիս համոզմամբ՝ կատարվածը չունի քաղաքական ենթատեքստ. ««Հայելի.am»-ը կայքը հեղափոխության հաղթանակից հետո վարում է հակաիշխանական, ընդդիմադիր կեցվածք. Եթե չեմ սխալվում՝ հեղափոխությունից հետո անցել է 1,5 տարի, սակայն այս ընթացքում ոչ մեկ ոչ մեկի վրա ձու չի նետել: Այսինքն՝ մենք կարող ենք այսօր պնդել, որ եթե չլիներ պրոադրբեջանական քարոզչությունը, էլի իր վրա ոչ մեկ ձու չէր շպրտի: Կապել այս ակցիան «Հայելի.am»-ի հակաիշխանական դիրքորոշման հետ բացարձակապես հիմնազուրկ է նաև այն առումով, որ այդ կայքից բացի կան բավականին այլ կայքեր, որոնք նույնպես վարում են հակաիշխանական քարոզչություն, բայց տղաները ոնց որ թե չեն գնում և ոչ մեկի վրա ձու չեն խփում»,- շեշտեց իրավապաշտպանը: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն