Անկախության տոնին 15000 մարդ գնաց Գյումրի, սակայն այդ օրը տպվել է նույնքան ՀԴՄ, որքան նախորդ օրերին. վարչապետ


Անկախության տոնին 15000 մարդ գնաց Գյումրի, սակայն այդ օրը տպվել է նույնքան ՀԴՄ, որքան նախորդ օրերին. վարչապետ

  • 09-10-2019 18:58:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Հայաստանում ստվերի դեմ պայքարի հետ կապված ունենք ե՛ւ լավ, ե՛ւ վատ նորություններ: Այս մասին այսօր՝ «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն. ընկալումը եւ գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ժամանակ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Վարչապետն ասաց՝ լավ նորությունն այն է, որ Արժույթի միջազգային հիմնադրամն իր վերջին զեկույցներից մեկում արձանագրել է, որ եթե Հայաստանում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը 0.3%-ի շարժ ունենա, ապա դա ստվերի կրճատման տեսանկյունից կհամարվի լավագույն հաջողությունը Հայաստանի համար:
 
«Այսօրվա դրությամբ մենք հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավել ենք մոտավորապես 1.2%-ով, այսինքն՝ Արժույթի միջազգային հիմնադրամի լավագույն ռեկոմենդացիայից 4 անգամ ավելի. կան ակնհայտ փաստեր, որոնք վկայում են՝ ստվերի կրճատման հետ կապված մենք աննախադեպ իրավիճակներ ունենք»:
 
Անդրադառնալով վատ նորություններին` Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրանք վերաբերում են վարքագծային բաղադրիչին: Վարչապետի խոսքով՝ դժվար է վարքագիծ փոխելը եւ մատնանշեց Գյումրու օրինակը. «Այս տարի Անկախության օրվա տոնակատարությունները տեղի ունեցան Գյումրիում, սեպտեմբերի 21-ին 15.000 մարդ գնաց Գյումրի: Նրանք, ովքեր եղել են Գյումրիում այդ օրը, կարող են վկայել, որ ռեստորաններում, սրճարաններում շատ մեծ շարժ կար։ Ինձ համար հետաքրքիր էր, թե Գյումրիում սեպտեմբերի 21-ին առեւտուրն ինչ շարժ էր արձանագրել։ Պարզվեց, որ նույն քանակի ՀԴՄ կտրոն է տպվել, ինչ նախորդ օրերին»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ սեպտեմբերի 21-ին Գյումրիում առեւտրի ծավալն ավելացել էր ընդամենը 10 մլն դրամով, բայց տպված ՀԴՄ-ների թիվը չէր փոխվել: Տպվել է այնքան ՀԴՄ, որքան նախորդ օրերին էր։
 
«Սա իրականում շատ վատ նորություն է: Ես, գործընկերություն ասելով, սա նկատի ունեմ: Այսինքն՝ Գյումրու մեր գործընկերներն իմացել են, որ հարկայինն այդ օրը ոչինչ չի անելու. ո՛չ ռեյդ է լինելու, ո՛չ որեւէ այլ բան: Կառավարությունն իր գործողություններով այդպիսի մասշտաբային միջոցառում է իրականացրել, որը Գյումրիի բիզնեսի համար մի հնարավորություն է, որի հետեւանքները մինչեւ այսօր էլ նկատվում են, բայց այդ բիզնեսն իր կողմից կես քայլ պե՞տք է անի, թե՞ չանի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
 
Վարչապետն ընդգծեց՝ գործընկերության տրամաբանությունը շատ կարեւոր է եւ տնտեսական հեղափոխությունը չի կարող լինել մենախոսություն, դա պետք է երկխոսություն լինի. «Այդ նույնն է, որ Գյումրիից քայլում էինք, քայլեինք գայինք, վերջում ոչ մի արձագանք չլիներ, կգնայինք տուն»:
 
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ՀԴՄ-ներ տպելու հետ կապված լավ նորություն կա. «2019-ի առաջին 8 ամիսներին, նախորդ տարվա տվյալների համեմատ, 75 մլն հատ ավելի տպված ՀԴՄ կտրոն ունենք. 10 ամիսների ընթացքում այդ թիվը հասել է 85 մլն-ի: Այսինքն՝ դինամիկան կա, եւ այստեղ լավ նորությունն առկա է»:
 
«ՀԴՄ-ն ֆինանսավորում է մեր զինվորների սնունդը: Գործարարը, որ ՀԴՄ չի խփում, գողանում է: Ստվերային տնտեսությունը 2 կողմ ունի՝ մեկը չի տալիս այդ ՀԴՄ-ն, մյուսը չի պահանջում այդ ՀԴՄ-ն»:
 
Վարչապետն արձանագրեց, որ նախորդ մեկուկես տարվա ընթացքում սեփականության վերաբաշխման որեւէ դեպք չի եղել. «Ես ձեզ ուղիղ ուզում եմ ասել՝ շատ մեծ է գայթակղությունը, երբ որ, օրինակ, մի սովորական շարքային քաղաքացի կնոջ անունով սեփականություն է գրված, ու ես եւ իրավապահ մարմինները գիտենք, որ այդ սեփականությունը պատկանում է կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյայի, ձեռք է բերվել կոնկրետ միջոցներով: Մեծ է գայթակղությունն ԱԱԾ-ին ասել, որ այդ կնոջը բերեն եւ ասեն՝ նոտարով գրիր, թե սեփականությունը նվիրում է պետությանը: Քաղաքական առումով հնարավոր է նույնիսկ արդարացված համարվի, բայց մենք, այսպես ասած, ատամներս կռճտացնելով, գիտենք, որ չի կարելի այդպիսի բան անել: Որովհետեւ եթե դու նույնիսկ ֆեյք սեփականությունն ես այդ ճանապարհով վերցնում, բոլորը կմտածեն, որ նույնը կարող է իրենց հետ տեղի ունենալ: Սա կապված է զոռբայության ծուղակի հետ: Երբ որ իշխանությունը զոռբա չի, շատերին թվում է, թե իշխանությունը թույլ է: Մեկը հարցազրույց տվեց, քննադատեց. հարց է ծագում՝ 1 շաբաթ սպասենք, եթե պադեզդում դրա գլուխն սխկեցին, ուրեմն՝ իշխանությունն ուժեղ, նորմալ իշխանություն է, չսխկեցին՝ ուրեմն՝ սոցցանցերում, մամուլում կտեսնեք՝ այս իշխանությունը թույլ իշխանություն է: Մարդիկ ուժեղ իշխանության իրենց կաղապարը ձեւավորել են: Սա զոռբայության պայմաններում ապրած հասարակության արձագանքն է փոփոխություններին»:
 
Վարչապետն ասաց, որ հիմա շատ է խոսվում ֆեյք նյուզի ազդեցության մասին՝ մթնոլորտի եւ տնտեսության վրա. «Մենք լսում ենք, որ այ, պետք է գնալ, սահմանափակել, կանոնակարգել: Բայց մենք հասկանում ենք, որ դա էլ հաջորդ ծուղակն է: Չի կարելի գնալ այդ ճանապարհով»:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը