Սևանի շուրջ բիզնեսը պետք է քաղաքակրթվի. Վարչապետը հանձնարարել է այլևս աչք չփակել ու հասցեական գնալ լուծել խնդիրը
10-10-2019 15:14:58 | Հայաստան | Հասարակություն
Սևանի շուրջ բիզնեսը պետք է քաղաքակրթվի. այս հարցում մենք պետք է ունենանք հստակ դիրքորոշում:
Այս մասին հոկտեմբերի 10-ին կայացած կառավարության նիստի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ Սևանի ափին բիզնես գործունեություն ծավալող օբյեկտներն ինքնին էկոլոգիական աղետ են լճի համար:
Ն. Փաշինյանի խոսքերով՝ տնտեսվարողները փոխարեն քայլեր ձեռնարկեն լճի ջուրը չաղտոտելու ուղղությամբ, մի բան էլ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ կառավարությունից պահանջելով հայտարարել, թե Սևանի հետ ամեն ինչ նորմալ է, և որ մարդիկ կարող են հանգստանալ այնտեղ:
«Իմ կարծիքով հիմա Սևանի ափին կան օբյեկտներ, որոնք տեղով էկոլոգիական աղետ են: Այդ մարդիկ աղտոտում են Սևանը, աղտոտման արդյունքում կրում են տնտեսական վնասներ և կառավարությունից պահանջում են՝ քաղաքացիներին ուղղորդել, որ գնան իրենց աղտոտած ջրերում և իրենց հավաբուն հիշեցնող օբյեկտներում հաց ուտեն»,- նկատել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ հարցը քաղաքակրթական բնույթ ունի:
Վարչապետի համոզմամբ՝ չի կարելի է նման խնդիրները սոցիալական ենթավերնագրերով պայմանավորելը:
Նա հանձնարարեց այլևս աչք չփակել և հասցեական գնալ և լուծել խնդիրը: