Նիկոլ Փաշինյան. Դա երբեք չի լինի


Նիկոլ Փաշինյան. Դա երբեք չի լինի

  • 14-10-2019 10:36:16   | Հայաստան  |  Վերլուծություն

Վերջին մեկուկես տարում Հայաստանում սեփականության վերաբաշխման դեպք չի եղել, եւ դա կառավարության սկզբունքն է, ասել է Նիկոլ Փաշինյանը Արագածոտնում կայացած բիզնես ֆորումի ժամանակ:
 
Սեփականության անձեռնմխելիությանն այն է, ինչի վրա հենվում են պետությունն ու իրավունքը, եւ սեփականության նկատմամբ ցանկացած ոտնձգություն կարող է ներսից պայթեցնել պետությունը:
 
Հայաստանում հեղափոխությունից անմիջապես հետո տարբեր շրջանակներ սկսել են նախկին պաշտոնյաներից թալանվածը խլելու կոչեր հնչեցնել: Կոչեր ու սպառնալիքներ հնչել են, բայց մեխանիզմներ՝ ոչ: Շատերը խոստովանել են, որ մեխանիզմը կամ կուլակաթափությունն է, կամ էլ նախկին կառավարությունների` սեփականության ճանաչման ակտերի չեղարկումը:
 
Նոր իշխանությունը չի դիմել կուլակաթափության: Փաշինյանն օրերս խոստովանել է, որ շատ մեծ է եղել գայթակղությունը, երբ մի սովորական քաղաքացի կնոջ անունով գրված հարստություն կա, որի մասին բոլորը գիտեն, որ այդ սեփականությունը պատկանում է կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյայի: «Եվ մեծ է գայթակղությունը ԱԱԾ-ին ասել՝ այդ կնոջը բերեք և ասեք, որ թող նոտարով գրի, որ այդ սեփականությունը նվիրում է պետությանը: Քաղաքական առումով հնարավոր է նույնիսկ արդարացված համարվի, բայց մենք, այսպես ասած, ատամներս կրճտացնելով՝ գիտենք, որ չի կարելի այդպիսի բան անել, որովհետև եթե թեկուզ ֆեյք սեփականությունը դու այդ ճանապարհով վերցնում ես, բոլորը կմտածեն, որ էդ նույնը կարող է նաև իրենց հետ տեղի ունենալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
 
Սա խիստ կարեւոր հայտարարություն է եւ վկայում է, որ նոր կառավարությունը հարգում է իրավունքը եւ պատրաստ է իրավական ճանապարհով գնալ: Հակառակորդները կարող են դա թուլության նշան գնահատել՝ իբր խոստացել եք ասֆալտին փռել ու չեք կարողանում վերադարձնել թալանածը: Կարող են անգամ ասել, որ հեղափոխությունը նրա համար չի եղել, որ «նախկինները» վայելեն գողացածը:
 
Ավելին, կան այս հարցում արմատական տրամադրված խմբեր: Ոմանք ելնում են արդարության վերականգնման մտադրությունից, մյուսները ռեւանշի ծարավ են, երրորդներն էլ կարծում են, որ հեղափոխությունը հենց սեփականության վերաբաշխումն է:
 
Սակայն, ինչպես նշում է Նիկոլ Փաշինյանը, մեծ է գայթակղությունը, բայց կամ հարգում ես սեփականության իրավունքը, կամ էլ մերժում: Կառավարությունն ընտրել է առաջին տարբերակը:
 
Կարելի՞ է պնդել, որ Նիկոլ Փաշինյանը սրանով հայտարարում է երկրորդ հետհեղափոխական շրջանի մասին: Որովհետեւ առաջին հետհեղափոխական շրջանի օրակարգը կառուցվում էր հիմնականում «սեփականության վերաբաշխման» ու թալանվածի բռնագրավման մասին տեղեկատվական արշավի վրա:
 
Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ սեփականության վերաբաշխման դեպք չի եղել, վկայում է, որ տեղեկատվական արշավը կարող է իրավական գործընթաց տեղափոխվել: Մասնավորապես, խոսքը պաշտոնյաների ու դատավորների սեփականության ծագման ստուգման եւ անօրինական սեփականության բռնագրավման նպատակով մի շարք օրենքների ընդունման մասին է:
 
Իրավական մեխանիզմները շատ ավելի գործուն են, քան կուլակաթափությունը: Սակայն սեփականության անձեռնմխելիության մասին հայտարարությունը եւ «կուլակաթափության գայթակղության» հաղթահարումը վերջապես կարող են նպաստել իրական տնտեսական օրակարգի ձեւավորմանը՝ ուղղված ոչ թե անցյալի վերաձեւմանը, այլ ապագայի կառուցմանը:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play