Հայաստանն ինչ դասեր պետք է քաղի Թուրքիայի ներխուժումից ու գերտերությունների պահվածքից

14-10-2019 11:32:49   | Հայաստան  |  Հարցազրույցներ
Lragir.am-ի  զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը
 


Պարոն Գաբրիելյան, ինչպե՞ս եք գնահատում Սիրիայում ստեղծված իրավիճակը։ Թուրքիայի ներխուժումը որքան կարող է տև
ել և մինչև ուր կարող է հասնել
։
 
Սիրիական հակամարտության մեկնարկից ի վեր սա Թուրքիայի հինգերորդ խոշոր ռազմական գործողությունն է Սիրիայի տարածքում (դրանցից առավել հայտնի են երեքը)։ Ես այս ներխուժմանը սպասում էի դեռ այս տարեսկզբին, իմ հոդվածներից մեկում անգամ նշել էի, թե թուրքական զորքը Սիրիայի հյուսիս՝ Եփրատից արևելք ընկած հատված, կներխուժի փետրվարի 15-ին (1999թ․ այդ օրը կալանավորվել է քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը), սակայն թուրքական ներխուժումը սկսվեց դրանից մոտ 8 ամիս անց։ Ընդ որում՝ պատահական չեմ համարում, որ Սիրիայի քրդերի դեմ ուղղված «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը մեկնարկեց հենց հոկտեմբերի 9-ին, քանի որ դրանից ուղիղ 11 տարի առաջ՝ 1998թ․ հոկտեմբերի 9-ին, Ա․ Օջալանը թուրքական կողմի (նաև ռազմական) սպառնալիքների ներքո հարկադրված լքել էր Սիրիայի տարածքը։ Ի դեպ, 2016թ․ «Եփրատի վահան» և 2018թ․ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունները նույնպես մեկնարկել են թուրքական կողմի համար խորհրդանշական օրերին (1516թ․ Մարջդաբիքի և 1920թ․ Մարաշի ճակատամարտերի օրերին)։
 
Այս ամենը ցույց է տալիս, որ Թուրքիան կարողանում է ոչ միայն ռազմական գործողություններ ձեռնարկել Սիրիայի տարածքում, այլև դրանք սկսել իր համար ցանկալի օրերին՝ այդ կերպ հիշեցնելով նաև անցյալի հաղթանակների մասին (աչք են զարնում նաև թուրքական հարձակողական այս գործողությունների «խաղաղասիրական» անունները)։ Չեմ կարծում, թե թուրքական այս գործողությունը կլինի տևական, քանի որ դրան դեմ է ԱՄՆ-ը, որը, ըստ էության, կանաչ լույս է վառել թուրքական միայն չափավոր/սահմանափակ ռազմական գործողության առջև։ Թուրքական կողմը կբավարարվի Եփրատից արևելք ընկած տարածքներում մոտ 30 կմ խորությամբ «անվտանգության գոտու» ձևավորմանը հասնելով, որը առաջին հերթին սեպի դեր է խաղալու Թուրքիայի ու Սիրիայի քրդերի միջև, փոխելու է տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը, ինչպես նաև ծառայելու է Եփրատից արևմուտք ընկած տարածքների հանդեպ Թուրքիայի ունեցած (տարածքային) նկրտումների բավարարմանը։ Այդպիսով, 2016թ-ից սկսած՝ յուրաքանչյուր տարի անխտիր դառնում է Սիրիայում Թուրքիայի ձեռքբերումների տարի, և 2019թ-ը նույնպես չդարձավ բացառություն։
 
Որքանո՞վ Էրդողանի գործողությունները ներքաղաքական խնդիրներ կառաջացնեն Թուրքիայի ներսում՝ հաշվի առնելով նրա վարկանիշի անկումը վերջին շրջանում։ Արդյոք այս գործողությունները նաև ներքաղաքական խնդիրներ լուծելու համար են։
 
Կարելի է ասել, որ Թուրքիայում կա որոշակի կոնսենսուս՝ կապված «Խաղաղության ակունք» գործողության անցկացման հետ, և դրան հիմնականում դեմ են միայն քրդերը կամ նրանց մի մասը։ Չեմ կարծում, թե Թուրքիայի և նաև Իրաքի քրդերը կկարողանան էական աջակցություն ցուցաբերել Սիրիայի քրդերին՝ չնայած
նրան, որ Թուրքիան գրոհում է նրանց «վերջին բաստիոնը» արաբական այդ երկրում։ Բնականաբար, Սիրիայում թուրքական հերթական ներխուժումը որոշակիորեն կբարձրացնի Էրդողանի իմիջը, որն իսկապես նահանջ է ապրել վերջին շրջանում՝ հիմնականում կապված երկրի տնտեսական խնդիրների հետ, որոնց մեջ քիչ դեր չունեն Էրդողանի արտաքին քաղաքական արկածախնդրությունները։
 
Մյուս կողմից էլ, հիմա Թուրքիայում ընտրական շրջան չէ, խորհրդարանական ու նախագահական կարևոր ընտրությունները նշանակված են միայն 2023թ․ (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ)։ Դրա համար ես ներքաղաքական լուրջ անհնազանդություն չեմ ակնկալում Թուրքիայում (չհաշված Թուրքիայի քրդերի որոշ ակցիաները) և այս ռազմական գործողության մեկնարկը չեմ կապում Թուրքիայի ներքաղաքական դրության հետ։ Իմ կարծիքով՝ Էրդողանը ներկայում ակտիվացրեց այս հարցը առաջին հերթին նրա համար, որ որոշակի մոռացության մատնի ՌԴ-ից S-400 համակարգերի գնման գործարքը։ Էրդողանը, կարծես թե, կիրառում է ՌԴ նախագահ Վ․ Պուտինի նույն մարտավարությունը, երբ հերթական կարևոր իրադարձությունն օրակարգից որոշակի դուրս է մղում նախորդ կարևոր իրադարձությանը (Ղրիմի դեպքերին հաջորդեցին Դոնբասի դեպքերը, ապա և Սիրիայում ռուսական ռազմական միջամտությունը)։
 
Տարածաշրջանում նոր շրջափո՞ւլ սկսում։ Հայաստանն ի՞նչ պետք է անի, ինչպե՞ս պետք է դիրքավորվի։
 
Որոշ առումով կարող ենք ասել, որ տարածաշրջանում նոր շրջափուլ ենք թևակոխում․ մենք տեսանք, որ Թուրքիան վերջին տարիներին կարողացավ մեծապես օգտվել նրանից, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը միայն աննշան չափով էր վերահսկում թուրք-սիրիական սահմանը (911 կմ), իսկ Բաղդադի կենտրոնական կառավարությունն ընդհանրապես չէր վերահսկում թուրք-իրաքյան սահմանը (384 կմ)։ Արդյունքում Թուրքիան կարողացավ իր ռազմական ներկայությունը հաստատել կամ այն ավելի ընդլայնել հարևան այդ երկրներում և հիմա էլ հանդես գալ 1923թ․ Լոզանի համաձայնագրի վերանայման անհրաժեշտության կոչերով, որով հստակեցվել են Թուրքիայի սահմանները։ Հայաստանը, բնականաբար, պետք է ակնդետ հետևի տարածաշրջանային այս զարգացումներին, դասեր քաղի դրանցից, մասնավորապես նրանից, թե ինչպես են 21-րդ դարում ռազմական գործողություններ իրականացնում հարևան երկրների տարածքներում՝ առանց այդ երկրների իշխանությունների հրավերի։
 
Դասեր պետք է քաղել նաև այն առումով, թե ինչպես են գերտերություններն առաջ տանում իրենց շահերը և այդ ճանապարհին «զոհաբերում» ավելի փոքր երկրներին կամ խաղացողներին։ Հայաստանը պետք է շատ զգույշ լինի «Քրդական հարցում», թույլ չտա, որ Թուրքիան այսուհետ էլ (ՆԳՆ մակարդակով) մեղադրանքներ ներկայացնի, թե քուրդ զինյալները (թուրքական կողմի բնորոշմամբ՝ ահաբեկիչները) ելումուտ են անում Հայաստան, և դա Թուրքիայի ձեռքում կարող է օգտագործվել որպես առիթ, հիմնավորում՝ «ահաբեկչության դեմ պայքարի» շղարշի ներքո օրերից մի օր էլ Հայաստան ներխուժելու համար։ Այստեղ մեզ կարող են հակադարձել Հայաստանում ռուսական ռազմակայանի առկայության գործոնով, բայց չմոռանանք, որ թեև Սիրիայում նույնպես կա ռուսական ռազմաբազա, սակայն Պուտինն Էրդողանին թույլատրել է վերստին մտնել Սիրիա, որպեսզի Սիրիայի քրդերը հիասթափվեն ԱՄՆ-ից, երես թեքեն նրանից և իրենց վերահսկած տարածքները հանձնեն Բ․ Ասադին։ Եվ երկրորդ՝ ՌԴ-ն օրերից մի օր կարող է հեռանալ տարածաշրջանից, ինչպես որ քանիցս արել է նախկինում։
 
Հայաստանը նաև պետք է իր կապերը խորացնի տարածաշրջանի մի շարք երկրների հետ, որոնք խնդիրներ ունեն Թուրքիայի հետ՝ Հունաստան, Եգիպտոս, Կիպրոս, Իսրայել, արաբական այլ երկրներ և այլք (բազմավեկտոր քաղաքականություն)։ Պետք է այդ երկրների հետ ստեղծել համագործակցության եռակողմ կամ քառակողմ մեխանիզմներ, ինչը կմեծացնի տարածաշրջանում Հայաստանի կշիռն ու պահանջարկը։ Եվ վերջապես, Հայաստանի անելիքների թվում կնշեի «ուղեղային կենտրոննների» զարգացման, «ուղեղների արտահոսքի» կանխարգելման ուղղությամբ տարվող ոչ բավարար աշխատանքները։ Հայաստանի նման երկրների համար չափազանց կարևոր եմ համարում վերլուծական ուժեղ դպրոցի առկայությունը։
 
Բերեմ երկու օրինակ։ ա) եթե մենք կարողանայինք ժամանակին կանխատեսել Սիրիայում թուրքական նոր հարձակման կոնկրետ օրը, ապա դա հնարավորություն կտար ավելի շուտ և ավելի հանգիստ պայմաններում կազմակերպել Թուրքիային սահմանակից սիրիական բնակավայրերի հայության տարհանումը։ բ) Մենք ժամանակին կարող էինք նաև կանխատեսել, որ մոտ 10 տարի առաջ Թուրքիան պարզապես օգտագործում էր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ առաջին հերթին ԱՄՆ-ի (ցեղասպանության ճանաչում) ու Ադրբեջանի (ադրբեջանական գազ, ներդրումներ) հետ հարաբերություններում չափազանց կարևոր խնդիրները լուծելու համար, և որ Թուրքիայի համար «ֆուտբոլային դիվանագիտության» իրական նպատակը չի եղել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելը (գործընթացի արդյունքում Թուրքիան հայտնվեց բավական շահեկան դիրքերում՝ ի տարբերություն Հայաստանի)։
 
Ձեր կարծիքով, որքանո՞վ միջազգային հանրության կողմից դատապարտումները կկանգնեցնեն Էրդողանին։ Արդյոք ԱՄՆ նախագահը ինչ-որ պահի չի միջամտի և չի կանգնեցնի Թուրքիային։
 
Ես վստահ եմ, որ ցանկության դեպքում ԱՄՆ նախագահ Դ․ Թրամփն ի զորու է կանգնեցնել Էրդողանին և անգամ թույլ չտար, որ նա սկսեր այս ռազմական գործողությունը։ Այժմ միայն գործնական քայլերը, պատժամիջոցներն են ունակ կանգնեցնել Էրդողանին և ոչ թե հայտարարությունները։ Ես ամերիկագետ չեմ և չեմ կարող հստակ ասել, թե արդյոք Թրամփը կկանգեցնի Թուրքիային, թե ամերիկյան զորքը մեկ օր իսկապես կլքի Սիրիան, ինչը Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը կորակեն որպես սեփական հաղթանակ. տարածաշրջանային այս տերությունները համարում են, որ տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների կողմից, և որ արտատարածաշրջանային ուժերը (ԱՄՆ) անելիք չունեն այդտեղ։
 
Չեմ բացառում, որ Թրամփը միտումնավոր է թույլատրել թուրքական այս սահմանափակ ներխուժումը, որը կարող է գրգռել Էրդողանի ախորժակը, որն էլ կփորձի անցնել թույլատրելիի սահմանը և արդյունքում կհայտնվի ծուղակում («Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» գործողությունների արդյունքներով Թուրքիան կարողացել է Սիրիայում վերահսկողության տակ առնել ավելի քան 4000 կմ2 տարածք՝ տալով ընդամենը 126 զոհ)։ Եվ եթե Էրդողանը, տուրք տալով գայթակղությանը, անցնի թույլատրելի սահմանը, ապա Թրամփը կարող է տնտեսական բնույթի պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ։ Նկատենք, որ տնտեսական կողմը Թուրքիայի ամենախոցելի տեղն է, առավել ևս հիմա, երբ Թուրքիան տնտեսական լուրջ դժվարություններ է ապրում։ ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները կարող են բացասական լուրջ հետևանքներ ունենալ Թուրքիայի՝ միլիոնավոր և անգամ տասնյակ միլիոնավոր քաղաքացիների վրա, ինչը և կարող է առաջացնել հասարակական լուրջ դժգոհություն և կործանարար հետևանքներ ունենալ հենց Էրդողանի համար։
 
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Նոյյան տապան   -   Հարցազրույցներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 458 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար