ChainPoint19 բլոկչեյն միջազգային համաժողովով Երևանում մեկնարկել է «Ավրորա» ֆորումը. «Արմենպրես»


ChainPoint19 բլոկչեյն միջազգային համաժողովով Երևանում մեկնարկել է «Ավրորա» ֆորումը. «Արմենպրես»

  • 14-10-2019 14:26:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ChainPoint19 բլոկչեյն միջազգային համաժողովը հայ և օտարազգի բազմաթիվ մասնագետների տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների կիրառման օգուտները քննարկելու և դրանց շուրջ տեսակետներ զարգացնելու հնարավորություն ընձեռեց: 
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համաժողովը մեկնարկեց հոկտեմբերի 14-ին «Ավրորա» ֆորումի շրջանակում:
 
Բացմանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ համաժողովի ընթացքում նախատեսվող քննարկումները նվիրված են ապագայի տեխնոլոգիաներին:
 
«Լսելու ենք բազմաթիվ հետաքրքիր կարծիքներ, թե ինչպես են ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպություններն օգտվում բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառման առավելություններից, թե ինչպես են կառավարությունները մասնակից դառնում  այդ գործընթացներին,  որպես տեխնոլոգիաների պատվիրատու և թե ինչպես են այդ տեխնոլոգիաների շնորհիվ իրենց կառավարման համակարգերն ավելի նորարարական  դարձնում»,-շեշտեց Խաչատրյանը:
 
Նրա կարծիքով՝ նման հեղինակավոր միջոցառման անցկացումը կարևոր է այն նորարարական կազմակերպությունների համար, որոնք Հայաստանում հետևում են աշխարհի զարգացումներին և ձեռք են բերում հնարավորություն իրենց տեսակետներն ու կարողությունները ներկա պահանջներին համապատասխանեցնելու միջոցով դառնալ համաշխարհային զարգացման մի մասը:
 
Ֆորումի բազմաթիվ մասնակիցների շարքում էր ECOS ազատ տնտեսական գոտին: Գոտու ներկայացուցիչ Լուսինե Կարապետյանը պատմեց, որ Հայաստանում այդ գոտին ստեղծել են տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված նախագծերի զարգացմանը խթանելու համար:
 
«Մենք առաջարկում ենք իրավաբանական ծառայություններ, հարթակ ենք ստեղծում միջազգային ներդրումների համար, իսկ այդ համաժողովին ներկայանում ենք ազատ տնտեսական գոտու հարթակով, որտեղ կա տվյալների պահպանման կենտրոն. դրա տարածքում կա մայնինգ ֆերմա, որտեղ կարող թե՛ հայ, թե՛ արտասահմանցի գործարարները տեղադրել իրենց սարքավորումները կրիպտոարժույթի մայնինգի համար: Ապահովել ենք էներգետիկ ենթակառուցվածք, որը հնարավորություն է տալիս էժան էլեկտրաէներգիայի աղբյուր ունենալ և ավելի մրցակցային լինել շահագործողների համար»,-ներկայացրեց Կարապետյանը:
 
ChainPoint19 բլոկչեյնի միջազգային համաժողովը հյուրընկալել է Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիան: Այն հավակնում է լինել Կովկասում անցկացվող բլոկչեյնի ամենամեծ միջազգային համաժողովը, որը միավորում է բլոկչեյնի գլոբալ առաջնորդներին:
 
«Ավրորա» ֆորումն իր տեսակով  առաջինն է տարածաշրջանում: Մեկ շաբաթվա ընթացքում ֆորումը միավորելու է աշխարհի առաջատար մասնագետներին սոցիալական, կրթական, մարդասիրական և գիտատեխնիկական նորարարության ոլորտներից, որոնք կկիսվեն իրենց փորձով, մտքերով ու կփորձեն հանդես գալ աշխարհն ավելի լավը դարձնող գաղափարներով: «Ավրորա» ֆորումն ունի  157 Բարի կամքի  դեսպան աշխարհի 39 երկրից, որոնք ներկայացնում են 17  ոլորտ:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը