«Հայփոստը» շահել է «Եվրոպա» նամականիշների մրցույթի գլխավոր մրցանակը


«Հայփոստը» շահել է «Եվրոպա» նամականիշների մրցույթի գլխավոր մրցանակը

  • 14-10-2019 16:15:41   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանի ազգային փոստային օպերատորը հաղթել է 2019 թվականի նամականիշների համաեվրոպական առցանց մրցույթում և արժանացել առաջին մրցանակին: Ինչպես հայտնեցին «Հայփոստ» ՓԲԸ-ից, հանրային քվեարկության միջոցով անցկացված մրցույթում «Հայփոստին» հաջորդում են «Թուրքիշ Փոստը» և Ֆինլանդիայի «Փոստ Գրուպ Քորփորեյշնը»:
 
Մրցանակը Հայաստանի փոստի ներկայացուցչին հանձնվեց Միացյալ Թագավորության Նորմանդյան Կղզիների Ջերսի քաղաքում, «Փոստեվրոպայի» միջազգային լիագումար համաժողովի շրջանակներում, որին մասնակցում էին 52 Եվրոպական երկրների  փոստային ոլորտի 150 ղեկավարներ և պրոֆեսիոնալներ:
 
Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ-երկրների «EUROPA» ամենամյա միջազգային համատեղ թողարկման շրջանակներում: Այս տարվա մրցույթի թեման «Ազգային թռչյուններ»-ն էր և ուղղված էր բնության պահպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:
 
Առցանց մրցույթը պաշտոնապես մեկնարկել է մայիսի 9-ից:
 
Հայաստանը մասնակցում էր փոստային նամականիշով, որն ամբողջությամբ նկարազարդված է՝ ոգեշնչված հայկական մանրանկարչությամբ: Նամականիշը պատկերում է ճյուղի վրա նստած գյուղական ծիծեռնակ՝ Հայաստանի բուսական աշխարհին բնորոշ միջավայրում:
 
Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ»-ի նկարիչ-դիզայներ Աշխեն (Միլա) Խանձրածյանը:
 
Ֆիլատելիստական փորձագետներից կազմված ժյուրիի մրցանակը այս տարի տրվեց Սլովենիայի փոստին:
 
Հայփոստը ևս մեկ անգամ հաստատում է հայկական ֆիլատելիան աշխարհին ներկայացնելու և հայկական նամականիշերի դիրքը միջազգային ֆիլատելիստական շուկայում ամրապնդելու իր առաքելությունը:
 
Թողարկման օրը` 21 մայիսի 2019թ.
 
Նկարը և դիզայնը՝ Աշխեն (Միլա) Խանձրածյան
 
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
 
Չափսերը` 24,0 x 40,0 մմ
 
Տպաքանակը՝ 30 000 հ.
 
Նոյյան տապան  -   Հասարակություն