Ոստիկանները մտել են քաղաքացիների տուն, ծեծել ամուսիններին


Ոստիկանները մտել են քաղաքացիների տուն, ծեծել ամուսիններին

  • 14-10-2019 17:04:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

aravot.am «2019 թվականի հոկտեմբերի 11-ի առավոտյան լուսադեմին՝ ժամը 7:10-ին մեր տուն են մտնում Արտաշատի ոստիկանության աշխատակիցները, պահանջելով տղայիս՝ Տիգրան Բադալյանին:
 
Ոստիկանները կրկին եկել էին առանց գրավոր փաստաթղթերի, հիմքերի և մեզ չբացատրեցին, թե ինչու են եկել և ինչու են պահանջում տղայիս: Հետագայում իմացանք, որ տղայիս ուզում են տանեն այս անգամ սառնարանի սեկցիաների գողության համար/գողոնի արժեքը կազմել է 15 000 ՀՀ դրամ/:Ես զանգահարեցի փաստաբանիս, որ Երևանից գա, փաստաբանս էլ անհանգստանալով զանգահարել է 116 թեժ գիծ՝ Մարդու իրավունքների պաշտպանին, որ միջոցներ ձեռնարկեն մեզ բան չպատահի, մինչև փաստաբանը Երևանից գա հասնի Վերին Արտաշատ: Սակայն կատարվեց ավելի սարսափելին: Երբ մենք տանը չորս ոստիկանների հետ նստած էինք, ոստիկաններից մեկը` ոմն Կարենը, տղայիս՝ Տիգրանի թևը մտած մտերմաբար տարավ դուրս և մենք լսեցինք «.. մի խփեք ինչու եք խփում մի խփեք…»: Ես վազեցի դուրս և տեսա մոտ չորս անծանոթ ավտոմեքենաներ և մի խումբ ոստիկաններ: Տիգրանի գլխին մեջքին և մարմնի տարբեր հատվածներին հարվածներ տեղալով մոտ չորս հոգի փորձում էին նստեցնել մեքենան: Բնականաբար, ես տեսնելով դա` ասացի ուր եք տանում տղայիս, որովհետև բոլորը քաղաքացիական հագուստով էին: Ես ամուսինս՝ Լյովա Բադալյանը և տղաս՝ Գագիկ Բադալյանը փորձեցինք պաշտպանել Տիգրան Բադալյանին, սակայն բոլորս ծեծի ենթարկվեցինք քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից»: Լյովա Բադալյանը, Մարինե Գևորգյանը կապտուկներով, դեմքի վնասվածքներով քիչ առաջ ՀՔԾ-ի դիմաց էին, նրանք դիմել են ԱԱԾ պետին, ՀՔԾ պետին, գլխավոր դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին, հանցագործության մասին հաղորդումով:
 
Հաղորդում են ներկայացրել Արտաշատի ոստիկանության բաժնի կողմից իրենց տուն ապօրինի ներխուժելու, մեզ ծեծի ենթարկելու փաստի առթիվ. «Դեռ 2019 թվականի սեպտեմբերի 15-19 ընկած ժամանակահատվածում բազմիցս Արտաշատի ոստիկանության ծառայողները զանգահարել են մեր տղային՝ Տիգրան Բադալյանին, բանավոր կանչելով ոստիկանություն՝ Վերին Արտաշատ գյուղում բնակարանից ոսկու գողություն կատարելու համար: Մեր տղային 2019 թվականի սեպտեմբերի 16-ին առանց փաստաթղթերի տարել են Արտաշատի բաժին, անձնագիրը պահել էին, նոր հաջորդ օրը՝ փաստաբանի հետ գնացել են բաժին և վերցրել է իր անձնագիրը: Սակայն, կրկին մեզ անընդհատ զանգահարել և անհանգստացրել է Արտաշատի քրեականի պետը՝ Ֆիլիպ Ստեփանյանը, որ տղաս գնա ոստիկանություն: Այդ կապակցությամբ փաստաբանը գրավոր դիմել էր Արտաշատի ոստիկանության բաժնի պետ Ռ. Ներսիսյանին, որպեսզի «..Որևէ քրեադատավարական գործողություն կատարելու դեպքում` Տիգրան Բադալյանին բաժին հրավիրեն գրավոր ծանուցմամբ, ինչպես նաև Արտաշատի «Ֆաստկրեդիտ» մասնաճյուղում ՀՀ ոստիկանության մարմինների և ՀՀ Քննչական մարմինների կողմից որևէ քրեադատավարական գործողություն՝ այդ թվում առգրավում կամ ճանաչում կատարելու համար ապահովեն իր և փաստաբանի ներկայությունն ու մասնակցությունը»,-տեղեկացրել են հանցագործության մասին հաղորդման մեջ քաղաքացիները:
 
Նրանց փաստաբանը` Լ. Բալյանը տեղեկացրեց, որ ոստիկանները գրավոր ծանուցագիր են ուղարկել, տղան ներկայացել է Արտաշատի քննչական բաժին փաստաբանի հետ՝ որպես վկա: «Հաջորդ օրը փաստաբանի հետ գնացել են ոստիկանություն, սակայն քրեականի պետը հրաժարվել է նրանց ընդունել, քանի որ տղաս գնացել է փաստաբանի հետ: Այդ մասին մի քանի անգամ թեժ գծով մեր փաստաբանն ահազանգել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, տեղյակ պահելով, որ Արտաշատի ոստիկանության կողմից կատարվում են ապօրինություններ»-ասվել էր հաղորդման մեջ:
 
Ծեծված քաղաքացիները խնդրում են անհապաղ հարուցել քրեական գործ՝ ոստիկանների անօրինական մուտք գործելու, իրենց ծեծի ենթարկելու փաստի առթիվ:
 
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը