Արմեն Սարգսյանի հրավերով «Airbus»-ի բարձրաստիճան պատվիրակությունը կժամանի Հայաստան

15-10-2019 12:47:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 15-ից 18-ը Հայաստան են այցելելու աշխարհահռչակ «Airbus» ընկերության պաշտպանական և տիեզերական հարցերով փոխնախագահ Լիոնել Շամփոան և տարածաշրջանային պատասխանատու Վսեվոլոդ Կազակովը:  
 


Նախագահ Սարգսյանի առաջին հանդիպումն ընկերության ղեկավարության հետ կայացել էր դեռեւս այս տարվա հունիսին Լը Բուրժեում անցկացված՝ Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում. Արմեն Սարգսյանն այցելել էր ընկերության տաղավար, հանդիպել ղեկավարության հետ: Հենց այստեղ էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստան այցելության և համագործակցության հնարավորությունների
շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ:
 
«Airbus»-ը համաշխարհային տիեզերաօդային ոլորտի առաջատար ընկերություններից է, և Հայաստան այցի շրջանակում «Airbus»-ի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկելու են մեր երկրի ոլորտային արդյունաբերությանն աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները: Ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի հետ կրթական ծրագրերի իրականացմամբ, հայաստանյան ինստիտուտների հետ համագործակցության հաստատմամբ: Մասնավորապես, «Airbus»-ը պատրաստակամություն է հայտնել կրթական և վերապատրաստման ծրագրեր իրականացնել առաջատար ֆրանսիական տիեզերաօդային համալսարանի՝ Ավիացիայի և տիեզերքի Ազգային բարձրագույն դպրոցի մասնակցությամբ:
 
Օդանավերի արտադրությամբ զբաղվող «Airbus» ընկերությունը խոշորագույն ավիացիոն և տիեզերական ընկերությունն է Եվրոպայում: Այստեղ մշտապես կարևորում են նորարարական լուծումների և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում թռիչքների ապագայի համար:
 
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 485 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար