Արմեն Սարգսյանի հրավերով «Airbus»-ի բարձրաստիճան պատվիրակությունը կժամանի Հայաստան


Արմեն Սարգսյանի հրավերով «Airbus»-ի բարձրաստիճան պատվիրակությունը կժամանի Հայաստան

  • 15-10-2019 12:47:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 15-ից 18-ը Հայաստան են այցելելու աշխարհահռչակ «Airbus» ընկերության պաշտպանական և տիեզերական հարցերով փոխնախագահ Լիոնել Շամփոան և տարածաշրջանային պատասխանատու Վսեվոլոդ Կազակովը:  
 
Նախագահ Սարգսյանի առաջին հանդիպումն ընկերության ղեկավարության հետ կայացել էր դեռեւս այս տարվա հունիսին Լը Բուրժեում անցկացված՝ Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում. Արմեն Սարգսյանն այցելել էր ընկերության տաղավար, հանդիպել ղեկավարության հետ: Հենց այստեղ էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստան այցելության և համագործակցության հնարավորությունների շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ:
 
«Airbus»-ը համաշխարհային տիեզերաօդային ոլորտի առաջատար ընկերություններից է, և Հայաստան այցի շրջանակում «Airbus»-ի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկելու են մեր երկրի ոլորտային արդյունաբերությանն աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները: Ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի հետ կրթական ծրագրերի իրականացմամբ, հայաստանյան ինստիտուտների հետ համագործակցության հաստատմամբ: Մասնավորապես, «Airbus»-ը պատրաստակամություն է հայտնել կրթական և վերապատրաստման ծրագրեր իրականացնել առաջատար ֆրանսիական տիեզերաօդային համալսարանի՝ Ավիացիայի և տիեզերքի Ազգային բարձրագույն դպրոցի մասնակցությամբ:
 
Օդանավերի արտադրությամբ զբաղվող «Airbus» ընկերությունը խոշորագույն ավիացիոն և տիեզերական ընկերությունն է Եվրոպայում: Այստեղ մշտապես կարևորում են նորարարական լուծումների և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում թռիչքների ապագայի համար:
 
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play