7-րդ տարին է, ինչ Սևանա լճի մակարդակի բնականոն բարձրացումը կասեցված է

15-10-2019 16:50:44   | Հայաստան  |  Հասարակություն
 


                                   
       Համոզված ենք, որ Սևանա լճի խեղված ճակատագրով խիստ մտահոգված մեր հանրության ճնշող մեծ
ամասնությունը տարիներ շարունակ անհամբերությամբ էր սպասում մեր երկրի նոր,  իրավական և արդար կառավարության «հայտնությանը», իրավամբ հույս տածելով, որ առաջին իսկ պահից կառավարությունն անհապաղ կլծվի լրջորեն խաթարված, իր գուցե և անբուժելի էկոհամակարգով արդեն իսկ մահվան եզրին հասած, երկար տարիներ փրկության սպասած լճի շատ դժվարին խնդիրների լուծման առաքինի գործին։
 
       1974-ին, երբ Սևանա լճի մակարդակն արդեն իջել էր մոտ 18 մ-ով, և այն կորցրել էր իր ջրի նախկին ծավալի (58,6 մլրդ խմ) մոտ 37%-ը, իսկ նրա էկոհամակարգը ենթարկվել էր չափազանց աղետալի և մեծ փոփոխությունների, երկրի ղեկավարությունը ստիպված էր շտապ վերանայել Սևանից բաց թողնվող ջրի ծավալները։
 
      Ատոմային ու ջերմային էլեկտրակայանների, մի շարք (ժամանակին իրոք իրենց նպատակին ծառայող) ջրամբարների, ինչպես նաև Արփա-Սևան ջրատարի շահագործման արդյունքում լճի մակարդակի անկման չափերը զգալիորեն նվազեցին՝ շնորհիվ նաև բաց թողնվող ջրի տարեկան ծավալների մինչև 120 մլն խմ-ի կրճատման։
 
      Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումներից ամենաառաջնահերթ և անհետաձգելի «օգնությունը» հնարավորինս սեղմ ժամկետում լճի մակարդակի բարձրացումն էր առնվազն 6 մ-ով, այն հասցնելով ծովի մակերևույթից 1903,5 մ բարձրության (հաշվարկային) նիշին։ Դա այն նվազագույն նիշն էր, որի դեպքում միայն կարելի էր հուսալ, որ լիճը կարող է գոյատևել՝ առանց էկոլոգիական աղետալի գործընթացների հետագա զարգացման։Այնպես որ, լճի մակարդակի 6 մ-ով բարձրացումը դեռևս երաշխիք չէր նրա էկոհամակարգի լրիվ ապաքինման անգամ այդ ժամանակ։
 
       Սևանա լճի փրկությանը «ձեռք մեկնեց» նաև ամենակարող բնությունը, որի կամքով 2002-ից սկսվեց Սևանա լճի «ոսկի դարաշրջանը», նրա փրկության և վերածննդի բաղձալի սկիզբը, պարգևելով նրան բնակլիմայական հիրավի աներևակայելի բարենպաստ պայմաններ՝ հորդառատ ու երկարատև մթնոլորտային տեղումներով տարիներ։ Կտրուկ ավելացան մթնոլորտային տեղումները Սևանա լճի ավազանում, և բնության այդ «առատաձեռնությունը» շարունակվում է գրեթե մինչ օրս։
 
      Եվ զարմանալի չէ, որ ընդամենը առաջին 10 տարում (2002-2011թթ.) գրանցվեց Սևանա լճի մակարդակի աննախադեպ բարձրացում՝ 3,61
մետրով (տարեկան միջինը 36 սմ)։ Այդ նույն 10 տարում եղել են այնպիսի տարիներ, երբ լճի մակարդակը տարեվերջին նույն տարվա սկզբի համեմատ (պաշտոնական տվյալներով) բարձրացել է  44, 48, 41, 42, 56, 37, 47 սմ-ով (տես՝ գծագրերը)։ Եվ այդ նույն 10 տարիներին  լճի մակարդակի տարվա առավելագույն մակարդակը նույն տարվա սկզբի համեմատ կազմել է 73, 72, 73, 66, 54, 78, 49, 56, 81, 60 սմ (տես՝ «2002-2013թթ. Սևանա լճի մակարդակի բարձրացման դինամիկայի գնահատում» վերլուծությունը):
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 529 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար