Առողջապահության փոխնախարարը Մոսկվայում մասնակցել է համաժողովի

15-10-2019 17:22:34   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա` մասնակցելու «Կայուն զարգացման համար ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման գործում ներդրում» թեմայով համաժողովին:
 


 ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ երկրների ներկայացուցիչները կիսվել են առողջապահության քաղաքականության բարելավման իրենց փորձով, ինչպես նաև քննարկել են ոչ վարակիչ հիվանդությունների հետ կապված խնդիրները:
 
Հայաստանը ԱՀԿ տեխնիկական աջակցությամբ մշակել է ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի իր ծրագիրը: Համաժողովին ներկայացվել է Հայաստանի կառավարության փորձը` ներդրման գործիքները կիրառելու, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման առաջընթացի գործում:
 
Ոչ վարակիչ հիվանդությունները համաշխարհային խնդիր են`  առողջապահական
և տնտեսական մեծ բեռով: Ուստի, ընդգծվել է առաջիկա տարիներին դրանց հակազդմանն ուղղված միջոցառումների կարևորությունը:
 
Միաժամանակ, փոխնախարարը մասնակվել է Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն օժանդակող Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակում ձեռք բերված երրորդ շարժական կլինիկայի հանձնման արարողությանը, որը տեղի է ունեցել Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի Հայաստանի Հանրապետության տաղավարի մերձակա հրապարակում: Միջոցառմանը մասնակցել են նաև ՌԴ ֆինանսների փոխնախարար Ս.Ստորչակը, ՌԴ Ռոսպոտրեբնադզորի ղեկավարի տեղակալ Վ.Սմոլենսկին, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գործադիր տնօրենի տեղակալ Շ.Հեյդերը և տարածաշրջանային տնօրեն Վ.Սալդանան, ՍՊԻԴ-Ինֆոսվյազ հիմնադրամի տնօրեն Ե.Պյորիշկինան և այլոք:
 
«Նախկինում ոչ բոլոր կարիք ունեցողներին էին հասանելի ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունները: Նախորդ երկու շարժական կլինիկաները հնարավորություն տվեցին հայտնաբերելու ՄԻԱՎ վարակի և վիրուսային հեպատիտների ավելի շատ դեպքեր, հազարավոր մարդկանց տրամադրելու տեղեկատվություն և ստեղծելու հնարավորություն տեղերում անցնելու ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտների և այլ վարակների վերաբերյալ հետազոտություններ: Վստահաբար այս կլինիկան հաջողությամբ և արդյունավետությամբ կօգնի Հայաստանում վարակիչ հիվանդություններին հակազդման գործում»,- շնորհակալական խոսքում նշել է Լենա Նանուշյանը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 631 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար