Քաջարանի կոմբինատը ջրօգտագործման նոր հայտ է ներկայացրել․ ի՞նչ է սպասվում Սյունիքի գետերին - ՀԲՃ


Քաջարանի կոմբինատը ջրօգտագործման նոր հայտ է ներկայացրել․ ի՞նչ է սպասվում Սյունիքի գետերին - ՀԲՃ

  • 17-10-2019 10:35:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲ ընկերությունը հայտ է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ մի շարք գետերից ջրառ կատարելու թույլտվություն ստանալու համար, որպեսզի ապահովի տարեկան 68,84 միլիոն խոր/մետր ջրապահանջը: Ընկերությունը ցանկանում է վերցնել Ողջի գետից՝ 1300 լ/վ, Սակքար գետից՝ 170 լ/վ, Փուխրուտ գետից՝ 50 լ/վ, Ձագեձոր գետից՝ 80 լ/վ, Գեղի գետից՝ 380 լ/վ և Գեղի գետի ջրամբարից՝ 370 լ/վ ջուր: Հայկական բնապահպանական ճակատը ծանոթացել է այդ հայտին և նախագծին, մասնակցել քննարկմանն ու նախարարություն է ներկայացրել որոշ դիտողություններ և առաջարկություններ։
 
Մինչ դրանք ներկայացնելը՝ ձեր ուշադրությունն ենք ուզում սևեռել մեր արած լուսանկարին, որտեղ երևում է, թե ինչ վիճակում է Ողջի գետը Քաջարան քաղաքի տարածքում՝ ԶՊՄԿ-ի ջրառից հետո ընկած հատվածում։ Ինչպես տեսնում եք գետը գրեթե ամբողջովին ջրազրկված է՝ ինչն այս ընկերության ունեցած նախկին ջրօգտագործման թույլտվության պայմանների կոպիտ խախտում է։ Ցավոք, տարվա ջրասակավ ժամանակաշրջանում, որը տևում է 7-8 ամիս, այս պատկերին գրեթե միշտ է կարելի ականատես լինել Ողջի գետի այս հատվածում։
 
Դիտողություններ և առաջարկություններ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի նոր ջրօգտագործման թույլտվության նախագծի վերաբերյալ
 
1․ Հիմնարար խնդիր է մնում ելակետային հավաստի և վստահություն ներշնչող ջրաբանական տվյալների առկայության հարցը։ Կարծում ենք, որ եղած տվյալները լիարժեք բավարար չեն ճիշտ հաշվարկներ անելու, հավաստի արդյունքներ ստանալու, բնապահպանական թողքերի չափը ճիշտ հաշվարկելու և որոշումներ կայացնելու համար։ Բերենք Ողջի գետի օրինակը․հարց է առաջանում, թե հայտի մեջ նշված ջրաբանական կետի տվյալներում հաշվի առնվա՞ծ են արդյոք դրանից վերև գետից կատարվող ջրառի քանակները։ Որքան հասկանում ենք այդ ջրաբանական կետից վերև կոմբինատը միշտ կատարել է մեծ քանակության ջրառ և բնականաբար գետի ջրի ծավալը այդ քանակով պակասում է։ Հավանաբար ջրառ են կատարում նաև այլ ջրօգտագործողներ։ Հետևաբար, եթե այդ քանակները հաշվի առնված չեն, ապա բնապահպանական թողքի քանակն էլ դրա արդյունքում հաշվարկվում է սխալ և ստացվում է շատ ավելի փոքր։ Ջրաբանական տվյալների անորոշության նույն վիճակն է նաև մյուս գետերի դեպքում՝ հատկապես նրանց, որոնց վրա ընդհանրապես չկան ջրաբանական կետեր։ Քանի որ գետերից նախատեսվում է վերցնել շատ մեծ քանակությամբ ջուր (տարեկան մոտ 69 մլն խոր/մետր), որը կարող է էական բացասական ազդեցություն ունենալ բնական միջավայրի, ջրի քանակի և որակի, էկոհամակարգերի ու մնացած ջրօգտագործողների վրա, ապա կարծում եք, որ այս դեպքում կարիք կա ունենալու նաև ջրօգտագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին եզրակացություն, որի պահանջը նշված է ՀՀ կառավարությանը 2003 թվականի մարտի 7-ի 218-Ն որոշման մեջ։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play