Երևանում մեկնարկել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ վեհաժողովը


Երևանում մեկնարկել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ վեհաժողովը

  • 17-10-2019 14:46:22   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանում մեկնարկել է  Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ ընդհանուր վեհաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի նախագահ Քրիստոֆ Գրոլիմունդը և կրթության որակի ապահովման 100-ից ավելի հեղինակավոր  մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից։
 
Մասնակիցներին ողջունել է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը` նշելով, որ վեհաժողովի անցկացումը մեր երկրում,  ինչպես նաև 2015 թվականին Երևանում տեղի ունեցած եվրոպական բարձագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը հավելյալ հնարավորություն են`եվրոպական կրթական հանրության ուշադրությունն ուղղելու դեպի Հայաստան, որտեղ բարձրագույն կրթության համակարգը դինամիկ փոփոխությունների փուլում է:
 
«Բարեփոխումներում մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս որակի ապահովման համակարգի հզորացմանը և ամրապնդմանը՝ հավատարմագրման գործընթացներն առանցքային խթան դարձնելով բարձրագույն կրթության ծրագրերի արդիականացման, դասավանդման, ուսումնառության և գնահատման եղանակների բազմազանեցման, որակավորումների ճանաչման դյուրացման, դասախոսների և ուսանողների շարժունության հնարավորությունների ընդլայնման, կրթության և հետազոտության հետագա ինտեգրման` ի շահ մեր հիմնական շահակիցների` ուսանողների:
 
Այժմ ակտիվ քննարկումներ են ընթանում Բարձրագույն կրթության և գիտության մասին մեր նոր օրենքի նախագծի շուրջ, որտեղ օրենսդրական անհրաժեշտ կարգավորումներ են տրվում թվարկված խնդիրների լուծման և գիտակրթական համակարգի` արդիական մոտեցումներին համահունչ զարգացման համար հնարավորություններ ապահովելու համար։
 
Մենք կարևորում ենք Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիային և եվրոպական ռեգիստրին անդամակցությունը, և կարծում եմ, որ այստեղ կայացվելիք որոշումները նոր քայլ կլինեն որակի ապահովման համակարգերի զարգացման համար»,- նշել է նախարարը` վեհաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:
 
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը հիշեցրել է, որ դեռևս 2015-ին վեհաժողովի` Հայաստանում տեղի ունեցած նախարարական գագաթնաժողովի ընդունած Երևանի կոմյունիկեով շեշտադրվել էր ուսանողակենտրոն կրթությունը: «Մենք մոտիվացված ենք լինել որակի ապահովման և ուժեղացման միջազգային չափանիշների տեղայնացման ջատագովներից մեկը»,- նշել է նա:
 
Վեհաժողովի աշխատանքները կամփոփվեն հոկտեմբերի 18-ին:  Կազմակերպիչներն են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) և Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիան (ENQA):
 
ENQA-ն եվրոպական ցանց է, որը միավորում է եվրոպական բարձրագույն կրթական տարածքում գործող որակի ապահովման գործակալությունները։ Կառույցի նպատակն է նպաստել բարձրագույն կրթության որակի ապահովմանը եվրոպական կրթական տարածքում և խթանել համագործակցությունը կրթության որակի բարելավման ոլորտում։ ՈԱԱԿ-ը  2017 թվականից ENQA լիիրավ անդամ է:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն