Կառավարությունը շարունակում է ապահովել ՀՀ տարածքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենիցայի ծրագրերի իրականացումը


Կառավարությունը շարունակում է ապահովել ՀՀ տարածքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենիցայի ծրագրերի իրականացումը

  • 17-10-2019 15:45:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Կառավարության որոշմամբ ՀՀ մարզպետարաններին նախատեսվում է հատկացնել 2019 թ. պետբյուջեի հարկային եկամուտներից  403,434.9 հազար դրամ՝ ՀՀ համայնքներին 2019 թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ 2019 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ համայնքների կողմից ներկայացվել են թվով 518 ծրագրային հայտեր, որոնցից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած ութ նիստերի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել 483-ը: Ներկայումս ընթանում է հավանության արժանացած ծրագրերի մրցութային գործընթացը կամ արդեն իսկ իրականացվում են շինարարական աշխատանքները։ Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես՝ համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը,  գիշերային լուսավորության անցկացմանը, գազիֆիկացմանը: Արդյունքում կապահովվի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացումը: 
 
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է իրականացվող մեծածավալ աշխատանքների որակի վերահսկողությունը: «Այս տարի մենք կարողացել ենք այն արդյունքն ունենալ, որ ճանապարհաշինության, շինարարության ոլորտներում ընկերություններն աշխատում են լուրջ ծավալներով, լուրջ ծանրաբեռնվածությամբ,  ինչը նշանակում է նաև հավելյալ աշխատատեղեր: Մենք աշխատուժի ներգրավման խնդիր ունենք ճանապարհաշինության, շինարարության, գյուղատնտեսության ոլորտներում: Ճիշտ է, այս աշխատանքները որոշակի սեզոնայնության տրամաբանություն ունեն, բայց եկեք արձանագրենք, որ մենք այսօր այդ խնդիրն ունենք ամենուր: Եվ դա էլ մի հարց է, որը մենք պետք է հասկանանք՝ ինչո՞վ ենք մեր տնտեսությանը և տնտեսվարողներին աջակցելու, որ այս խնդիրը լուծվի: Բայց, իհարկե, իմ նախնական ձևակերպած հարցը սրանից ոչ մի փոփոխություն չի կրում՝ որակ, որակ և միայն որակ: Բոլորը պետք է իմանան՝ ինչ ուզում է լինի, անորակ աշխատանքի համար չենք վճարելու, ուղղակի չենք վճարելու: Նախապես ասենք, այդ մարդիկ հանկարծ չմտածեն՝ հեռուստացույցով ուրիշ բան է խոսվում, իրականությունն ուրիշ բան է, որտեղ իրականությունն ուրիշ բան է, արդեն մեր իրավապահները և վերահսկող մարմիններն իրենց գործողությունները պետք է անեն: Եկեք սա մեկընդմիշտ պայմանավորվենք»:
 
Վարչապետը, խոսելով կապիտալ ծախսերի մասով գերակատարումների մասին, նշել է. «Ճիշտ է մենք անընդհատ ասում ենք և պաշտոնապես արձանագրել ենք, որ դա մեր ամենամեծ պրոբլեմն է, բայց այն օրը մենք վերլուծեցինք և արձանագրենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մենք բավականին շոշափելիորեն շատ ավելի մեծ կապիտալ ծախսեր ենք արել: Ուրիշ բան, որ մենք մեր դրած նշաձողին դեռևս չենք կարողանում հասնել: Չենք կարողանում հասնել նաև այդ պատճառով, որ մենք հիմա որակական շատ ավելի բարձր ստանդարտներ ենք դնում: Եթե այդ ստանդարտների նկատմամբ աչք փակենք՝ կարող է կատարենք էլ, գերակատարենք էլ»: 
 
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝  գումարի խնդիր չկա կապիտալ ներդրումների համար. «Ես մի քանի անգամ ասել եմ և զգում եմ, որ քաղաքական շահարկումների առիթ է տալիս, որ ես ասել եմ, թե մենք փողի խնդիր ընդհանրապես չունենք: Բայց  երբ ասում ենք, որ փողի խնդիր չունենք, դա չի նշանակում, որ  պետք է դուրս գանք և ուղղակի, կներեք կոպիտ բառի համար, բաժանենք: Ի՞նչ տեղի կունենա, եթե մենք այդպես վարվենք. փողի արժեքը կընկնի:  Երբ  ասում ենք փողի խնդիր չունենք՝ նկատի ունենք կապիտալ ներդրումներ անելու համար: Այսօր մենք եվրոբոնդեր թողարկեցինք, և մեզ առաջարկվեց 2 միլիարդից ավելի գումար: Մենք այսօր ներքին շուկայում պետական կարճաժամկետ և երկարաժամկետ պարտատոմսեր ենք թողարկում, թողարկում ենք շատ ավելի քիչ, քան շուկայում դրա պահանջարկը կա: 9 ամիսների տվյալներով՝ 21.6 տոկոսով բյուջեի եկամտային մասն ավելացել է: Մենք հիմա նաև ռազմավարության վրա աշխատում ենք և եկել ենք այն եզրակացության, որ մեր ռազմավարությունը պետք է լինի այս պոտենցիալ գումարները ներգրավել շատ արդյունավետ կապիտալ ծրագրերում, որոնք մենք պայմանականորեն անվանում ենք մեգածրագրեր, որոնց իրացման արդյունքում միջնորդավորված՝ բնակչության ձեռքում հայտնված գումարն արդեն արժեք կունենա»:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն