Պաշտպանը մշակել է նախագծերի փաթեթ գրական-գեղարվեստական և այլ գրքերի վաճառքը, ինչպես նաև հումքի ներմուծումը ԱԱՀ-ից ազատելու համար


Պաշտպանը մշակել է նախագծերի փաթեթ գրական-գեղարվեստական և այլ գրքերի վաճառքը, ինչպես նաև հումքի ներմուծումը ԱԱՀ-ից ազատելու համար

  • 17-10-2019 16:02:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է օրենսդրական նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է գրքերի բոլոր տեսակների վաճառքը, ինչպես նաև գրքերի տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։
Նախագծերով առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություններ  չտարածել ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքող, բռնություն կամ պատերազմ քարոզող, ինչպես նաև պոռնկագրական նյութերի վաճառքի նկատմամբ։
 
Ներկայիս կարգավորումներով ԱԱՀ-ից ազատման արտոնություններ սահմանված են դպրոցական գրքերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, բայց ոչ գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական կամ այլ բովանդակությամբ տպագիր կամ էլեկտրոնային գրքերի համար։
 
Խնդիրը Մարդու իրավունքների պաշտպանին է փոխանցել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, ինչպես նաև «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: Նախագծերի փաթեթի մշակմանը մասնակցել է նաև ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, ում հետ նույնպես քննարկվել է խնդիրը:
 
Առաջարկվող փոփոխությունը կարևոր խթան կհանդիսանա գրքերի տպագրության ծավալների ընդլայնման և տպագիր կամ էլեկտրոնային գրքերի գների նվազեցման համար։ Նման փոփոխության համար հիմք է հանդիսացել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնի միջազգային փորձի ուսումնասիրությունը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն