Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ նախարարի տեղակալին


Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ նախարարի տեղակալին

  • 17-10-2019 16:52:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Լի Սոկ-Բեն (Lee Sok-bae) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին։
 
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը նրան հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ և վստահություն հայտնեց, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Կորեայի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում:
 
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` դեսպանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմ կապերի սերտացման և առկա ներուժի իրացման համար։
 
Հանդիպման ընթացքում Ավետ Ադոնցը և Լի Սոկ-Բեն քննարկեցին երկու երկրների միջև զբոսաշրջության, նորարարական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խթանմանը, առևտրատնտեսական կապերի աշխուժացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործակցությանն առնչվող հարցեր: 
 
Կողմերն անդրադարձան նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային խնդիրների: ԿՀ դեսպանը ներկայացրեց Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործընթացի շուրջ տիրող իրավիճակը։ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումները և առաջնահերթությունները։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն