Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ


Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ

  • 18-10-2019 10:59:25   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

 
Հոկտեմբերի 17-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն ընտրվեց Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) անդամ 2020-2022 թթ․ ժամանակահատվածի համար։
 
Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբին ՄԻԽ ընտրություններում հատկացված երկու թափուր տեղերի համար ներկայացված էին երեք երկրների՝ Հայաստանի, Լեհաստանի և Մոլդովայի թեկնածությունները:
 
Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Հայաստանը, ստանալով 144 ձայն, ընտրվեց առաջին փուլով (Լեհաստան` 124, Մոլդովա` 103 ձայն)։ Ընտրվելու համար անհրաժեշտ էր ստանալ անդամ երկրների մեծամասնության քվեն, այն է՝ 97 ձայն։
 
Ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընտրությունը վկայում է միջազգային հանրության կողմից Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական վերափոխումների և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ու խրախուսման ոլորտում գրանցված նշանակալի առաջընթացի ճանաչման մասին։
 
Հայաստանը Մարդու իրավունքների խորհրդին անդամակցում է առաջին անգամ։ ՄԻԽ-ին իր անդամակցության շրջանակներում Հայաստանը ջանքեր է գործադրելու իր հանձնառություններն և առաջնայնություններն իրականացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ ուղղված ցեղասպանության և զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանը, էթնիկ ու կրոնական խմբերին թիրախավորող այլատյացության հողի վրա հանցանքների դեմ պայքարին, կանանց և երիտասարդության իրավունքների պաշտապանությանը, խաղաղ և ներառական հասարակությունների կայացմանը։
 
Տեղեկանք․Մարդու իրավունքների խորհուրդը ստեղծվել է 2006 թ․, հանդիսանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օժանդակ միջկառավարական մարմին, բաղկացած է ՄԱԿ անդամ 47 երկրներից։ Այն զբաղվում է աշխարհում մարդու իրավունքների առաջմղման և պաշտպանության հարցերով, մարդու իրավունքների խախտումների հասցեագրմամբ ու դրանց վերաբերյալ համապատասխան խորհրդատվություններ անելով։ ՄԻԽ կենտրոնակայանը գտնվում է Ժնևում։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play