Եւս մի աղմկոտ հրաժարական. Հնչում են կոնկրետ անուններ


Եւս մի աղմկոտ հրաժարական. Հնչում են կոնկրետ անուններ

  • 19-10-2019 09:49:03   | Հայաստան  |  Վերլուծություն

Պաշտոնը թողնելու որոշման մասին է հայտարարել Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը: Նա հայտարարել է ոչ միայն պաշտոնը թողնելու, այլ դրա պատճառների մասին, դա անհրաժեշտ համարելով որպես հանրային հաշվետվողականության դրսեւորում, եթե պատճառների շարքում չկա պետական գաղտնիք:
 
Պետրոսյանը հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից, որովհետեւ համաձայն չէ կառավարության քաղաքաշինական քաղաքականության հետ՝ լայն իմաստով, եւ անընդունելի է համարում կոռումպացվածության հասնող թայֆայականությունը: Սարհատ Պետրոսյանը նաեւ մատնանշում է պաշտոնյաների անուններ, որոնք ըստ նրա ազդում են ոլորտի արդյունավետ քաղաքականության վրա՝ քաղաքաշինության կոմիտեի ներկա եւ նախկին ղեկավարներ: Ներկա ղեկավարը Վահագն Վերմիշյանն է, իսկ նախկինը՝ Ավետիք Էլոյանը, որն այժմ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականն է:
 
Այդպիսով, արդյոք Սարհատ Պետրոսյանը ոլորտում կոռումպացվածության հասնող թայֆայականության գագաթին պատասխանատու է մատնանշում Տիգրան Ավինյանին:
 
Նա նշում է, որ չունի իրավիճակ փոխելու բավարար ազդեցություն եւ այդ իսկ պատճառով թողնում է պաշտոնը: Միաժամանակ Պետրոսյանն ակնարկում է Վազգեն Մանուկյանի փեսան լինելու հանգամանքը եւ հայտնում, որ իր գնահատականն ու որոշումը չկապեն այդ փաստի հետ, քանի որ հարազատական կապը ամենեւին չի ազդում հայացքների եւ դրանք արտահայտելու վրա: Պետրոսյանն ակնարկում է, որ Վազգեն Մանուկյանի ընդդիմադիր կեցվածքը որեւէ կապ չունի իշխանությունից իր հեռանալու հետ, եւ նշում, որ շարունակում է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունը գնահատել հայ ժողովրդի մեծագույն ձեռքբերում:
 
Պետրոսյանն ըստ երեւույթին դրանով փորձում է կանխել հնարավոր թիրախավորումը, որ կարող է տեղի ունենալ՝ բարձրաձրած ոլորտային խնդիրների եւ իրողությունների նրա գնահատականից ուշադրությունը շեղելու համար:
 
Կադաստրի կոմիտեում արդյունավետ փոփոխություններ են կատարվել, որ արձանագրում էին կոմիտեի հետ շփվող բազմաթիվ քաղաքացիներ: Միեւնույն ժամանակ, նա բավականին համարձակ, բաց եւ պատասխանատու կերպով տալիս է գնահատական եւ մատնացույց անում շատ կոնկրետ պաշտոնյաների, ինչը գործնականում հազվադեպ իրողություն է հայաստանյան իրավիճակում:
 
Հետեւաբար, Պետրոսյանի բարձրացրած խնդիրներն ունեն լրջագույն հանրային, մասնագիտական անդրադարձի անհրաժեշտություն: Կլինի՞ այդպես, թե՞ ինչպես միշտ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play