Քսակների պայքարից գաղափարների պայքար. շատերը պատրաստ չեն լինի


Քսակների պայքարից գաղափարների պայքար. շատերը պատրաստ չեն լինի

  • 19-10-2019 13:11:03   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am-ի զրուցակիցն է Քաղաքացու որոշում ՍԴ կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը:
 
 Պարոն Սահակյան, Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունների հետ կապված հանրային լսումներ էին կազմակերպվել խորհրդանում։ Ի՞նչ փոփոխություններ եք դուք ակնկալում։
 
Մենք ակնկալում ենք փոփոխություններ, որոնց կյանքի կոչումը անհնար կդարձնի հին քաղաքական ու կուսակցական համակարգի, քաղաքական ավանդույթների գոյության հնարավորությունը և նախադրյալներ կստեղծի նորի ստեղծման ու ամրապնդման համար։ Արդյո՞ք այդպիսին կլինեն առաջարկվող փոփոխությունները, թե ոչ, կարելի կլինի գնահատել, երբ հստակ նկարագրվի, թե ինչ քաղաքական ու կուսակցական համակարգ ենք ուզում ստեղծել և նկարագրվեն այն տեսանելի մեխանիզմները, որոնք հնից նորին անցումը կարող են իրականություն դարձնել։
 
Գործնականում, մեր պատկերացումներով, ապագայի այդ պատկերը նկարագրելու դեպքում մենք կտեսնենք, որ փոփոխությունները պետք է զուգակցվեն նաև Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի, ԱԺ կանոնակարգ օրենքի և այլ իրավական ակտերում փոփոխությունների հետ։ Եթե նախաձեռնողները ունեն այդ պատկերը, ապա պետք է անպայման հրապարակեն, որպեսզի հնարավոր լինի գնահատել՝ արդյո՞ք այսօրվա առաջարկած փոփոխությունները կհանգեցնեն այդ նոր համակարգին, թե՝ ոչ։ Եթե չկա այդ պատկերը, ապա մենք այսօր մի կասկածելի արդյունքներով գործընթացի մասնակից ենք։ Ուշադրություն դարձրեք, որ ես հնարավոր արդյունքներին լավ կամ վատ գնահատականը չեմ տալիս, այլ ուղղակի ինձ համար անհասկանալի է այդպիսի փոփոխությունների ձգտումը։
 
Մասնավորապես խոսվում է կուսակցությունների ֆինանսավորման փոփոխության անհրաժեշտության մասին։ Որքանո՞վ նոր օրենքը հնարավորություն կտա փողը փոխարինել գաղափարին։
 
Կուսակցությունների ֆինանսավորման և դրա վերահսկողության գործիքակազմը մեզ մոտ իդեալական չէ։ Միաժամանակ, իդեալական կարգավորումներ գոյություն չունեն և ցանկացած կարգավորում հնարավոր է շրջանցել։ Վերահսկողության առումով ընդամենը պետք է քաղաքական կամք, որպեսզի իրավունքի չարաշահումները բացառվեն։ Բայց այստեղ խոսքն ավելի շատ ֆինանսական որոշակի կարգավորումների միջոցով հարուստ կամ մեզ մոտ գոյություն ունեցած օլիգարխիկ կուսակցությունների և նորաստեղծ, փող չունեցող, բայց գաղափարապես հարուստ կուսակցությունների հնարավորությունների հնարավորինս հավասարեցման մասին է։ Ճիշտ, գործուն կարգավորումների ընդունման դեպքում հնարավոր է հասնել նրան, որ գաղափարները քաղաքացիներին հասցնելու համար կուսակցությունների տնօրինած փողի քանակը էական հանգամանք չլինի և պայքարը քսակների պայքարից վերածվի գաղափարների պայքարի։
 
Նոր փոփոխություններով փորձ է արվում նվազեցնել առավելագույն շեմը, թե մեկ քաղաքացին որքան գումար կարող է նվիրաբերել կուսակցությանը, որպեսզի համադրելի լինի Հայաստանի սոցիալ-տնտեսական մակարդակին։ Սա արդյոք կնպաստի՞ մարդ-կուսակցությունների վերացմանը։
 
Սրանք երկու հարցեր են և իրար հետ քիչ կապ ունեն։ Մի դեպքում մենք առիթ կունենանք խոսել կուսակցությունների ստվերային ֆինանսավորման ընդունված սխեմաների սահմանափակման, մյուսում՝ որոշումների կայացման ոչ ժողովրդավարական մեթոդների կամ ավտորիտար կառավարման մասին։
 
Եթե խոսքը գնում է միայն քննարկվող մի օրենքի մասին, ապա դրա կարևոր բաղադրիչ պետք է լինի կուսակցությունների ղեկավար մարմինների ընտրովի լինելու պարտադրանքը։ Ի դեպ, դրա մասին իր պատկերացումների վերաբերյալ լսումների ընթացքում խոսեց նաև ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, ինչը բավականին ոգևորիչ էր մեզ համար։ Սակայն, մեր կարծիքով, պետք է ավելի առաջ գնալ և որոշումների կայացման մեխանիզմների թափանցիկության մասին էլ մտածել։ Ցավոք, կարելի է ենթադրել, որ այսպիսի կարգավորման շատ կուսակցություններ պատրաստ չեն լինի, քանի որ նման կարգավորումները կբացահայտեն ներկուսակցական ժողովրդավարության բացակայությունը։ Մեր համոզմունքն այն է, որ մի կուսակցության ներսում ժողովրդավարություն հաստատելու կարողություններ չունեցող կուսակցությունը չի կարող ժողովրդավար կերպով կառավարել երկիրը։
 
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ