Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը. ՀԺ


Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը. ՀԺ

  • 19-10-2019 14:15:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքական բանակի ներխուժումը Սիրիա կտրուկ սրեց իրադրությունը մեր տարածաշրջանում, եւ շատերի կարծիքով՝ լարվածությունը գնալով միայն ավելանալու է: Այդ ներխուժումն առիթ դարձավ, որ հայկական քաղաքական միտքը վերջապես փորձի ավելի լրջորեն վերլուծել այն ամենը, ինչ տեղի է ունենում «մեր քթի տակ», ու համապատասխան եզրակացություններ անի: Բայց ստացվեց այնպես, որ գրեթե բոլորն ավելի շատ խոսում են այն մասին, թե ինչպես պետք է դասեր քաղել պատմությունից, թե ինչպես քրդերը դասեր չքաղեցին՝ անցած դարասկզբին որպես գործիք օգտագործվելով հայերի դեմ ու չհասկանալով, որ մի օր էլ իրենց նկատմամբ են նույնն անելու, թե «թուրքը մնում է թուրք», եւ այլն, իսկ թե ինչ դասեր պիտի քաղենք ինքներս՝ այդ մասին ոչ մի խոսք: Ավելին՝ բանն այնտեղ է հասել, որ հրապարակավ կարծիքներ են հնչում, թե պետք է օգտվենք առիթից, որ «թուրքական բանակի գլուխը խառն է», ու մտնենք Նախիջեւան, ամբողջ ճակատով հարձակվենք Ադրբեջանի ուղղությամբ, եւ այլն:
 
Մինչդեռ թուրքական ներխուժումը Սիրիայի տարածք ու քրդական բնակավայրերի ոչնչացումն իսկապես լուրջ եզրակացությունների հիմքեր է տալիս, եւ մենք պարտավոր ենք որոշակի հետեւություններ անել: Առաջին՝ պետք է արձանագրել, որ պետությունների միջազգային սահմաններն այնքան էլ անձեռնմխելի չեն, եւ պետական սահմանի առկայությունն ինքնին անվտանգության երաշխիք չէ: Երկրորդ՝ որեւէ պետության սահմանները խախտած երկրի նկատմամբ ընդամենը պատժամիջոցներ կկիրառվեն (ընդ որում՝ այնպիսի պատժամիջոցներ, որոնք առանձնապես չեն վնասի այդ երկրին), կլինեն կոշտ հայտարարություններ, բայց դրանից այն կողմ միջազգային հանրությունը չի գնա: Պարզ ասած՝ «բրիտանական նավերը չեն բարձրանա Քրդստանի լեռները»: Երրորդ՝ գերտերություններն իրենց «կրտսեր դաշնակիցներին» լքելու եւ միայնակ թողնելու մեջ ոչ մի արտառոց բան չեն տեսնում, եթե դա բխում է իրենց շահերից, իսկ «դավաճանություն», «անբարոյականություն» եւ նման կարգի այլ չափանիշները միայն թույլերի համար են ինչ-որ արժեք ներկայացնում:
 
Այս արձանագրումներից հետո բոլորիս համար հասկանալի պիտի լինի, որ մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, ընդ որում՝ իրադարձությունները զարգանում են շատ արագ, իսկ մեր անվտանգության երաշխիքներն ընդամենը երկուսն են: Առաջին՝ հզոր եւ մարտունակ բանակ (որպեսզի որեւէ երկիր Հայաստանի վրա հարձակվելու որոշում կայացնելուց առաջ շատ երկար մտածի՝ արժե՞ այդպիսի ռիսկի գնալ, թե ոչ), եւ երկրորդ՝ շատ ճկուն եւ ակտիվ արտաքին քաղաքականություն (այսինքն՝ այնպես անել, որ ուժային բեւեռներից որեւէ մեկին ձեռնտու չլինի Հայաստանը մեծ պատերազմի մեջ ներքաշելը):
 
Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա անառարկելի ճշմարտություն է, եւ այս հարցում մեզանում տարակարծություններ չպիտի լինեն: Բայց պարզվում է՝ Հայաստանում քիչ չեն «քաղաքական ուժերն» ու «գործիչները», ովքեր ճիշտ հակառակն են անում: Անիմաստ լարվածություն են ստեղծում իշխանությունների եւ բանակի միջեւ (այսինքն՝ թուլացնում են բանակը), հայտարարում են, որ մեր անվտանգության միակ երաշխիքը Ռուսաստանն է ու միաժամանակ ամեն ինչ անում են՝ հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու համար, ու իբր դա քիչ է՝ առաջարկում են այդ ամենին զուգահեռ նաեւ զորք ուղարկել Սիրիա:
 
Լավ է գոնե, որ Հայաստանի իշխանությունները հասկանում են իրավիճակի լրջությունը եւ առաջնորդվում են բացառապես պետական շահերով: Որովհետեւ արտաքին քաղաքականության մեջ պրագմատիզմն այլընտրանք չունի: Ինչ-ինչ, բայց այդ դասը մենք հաստատ յուրացրել ենք:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը