Ջազ նվագախումբը ինքնատիպ համերգով հանդես կգա Yerevan Jazz Fest-ի շրջանակում
21-10-2019 11:00:20 | Հայաստան | Մշակույթ
Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, հանդես կգա ամենամյա Yerevan Jazz Fest-ի շրջանակում: Արդեն իսկ սիրված դարձած փառատոնի շրջանակում կայանալիք նվագախմբի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում:
Երեկոյի ընթացքում նվագախմբի հետ հանդես կգան ճանաչում վայելող երաժիշտներ Վահագն Հայրապետյանը, Լևոն Մալխասյանը, Ագաթա Իրակեման և Ջոն Մարշալը:
Կհնչեն ինքնատիպ ջազային ստեղծագործություններ, նոր մշակումներ:
Նշենք, որ Yerevan Jazz Fest-ն ամեն տարի կազմակերպվում է «Մեցցո Պրոդաքշն»-ի և Ջազի հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ: Փառատոնի շրջանակում ամեն տարի իրականացվում են են տարաբնույթ համերգներ արտերկրից Հայաստան ժամանած հայտնի արտիստների և տեղի ճանաչում վայելող կոլեկտիվների մասնակցությամբ:
Ի դեպ, Հայաստանի պետական ջազ նվագախումբն առաջին անգամ չէ, որ մասնակցում է այս ինքնատիպ իրադարձությանը: Կոլեկտիվը հանդես է եկել նաև նախորդ փառատոնների շրջանակում: