Ոչ ոք չի կարող բռնության ենթարկվել իր քաղաքական հայացքների, սոցիալական դիրքի, ազգային պատկանելիության պատճառով. Գեմաֆին Գասպարյան


Ոչ ոք չի կարող բռնության ենթարկվել իր քաղաքական հայացքների, սոցիալական դիրքի, ազգային պատկանելիության պատճառով. Գեմաֆին Գասպարյան

  • 21-10-2019 17:05:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
«Մեր հասարակության և իշխանությունների բարոյական պարտքն է ուսումնասիրել, հիշել և գնահատել բռնապետական անցյալի ողբերգական և դատապարտելի երևույթները: Ավարտին պետք է հասցնել բռնադատված անձանց արդարացման գործը և հնարավորության սահմաններում կոմպենսացնել նրանց նյութական կորուստները՝ օժանդակելով ներկա կյանքի պայմաններին: Մեր երկրում մարդկանց անօտարելի իրավունքները չեն կարող խախտվել, ոչ ոք չի կարող բռնության ենթարկվել իր քաղաքական հայացքների, սոցիալական դիրքի, ազգային պատկանելիության պատճառով»,- այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների և սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:
 
Օրենքի նպատակն է դատապարտել խորհրդային կարգերի ժամանակաշրջանում, ինչպես նաև 1991 թ. սեպտեմբերի 21-ից հետո Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հայացքների, կուսակցական պատկանելիության և այլ դրդապատճառներով անձի իրավունքների և ազատությունների կոպիտ ոտնահարումներն ու բռնաճնշումները, վերականգնել բռնադատված անձանց անօտարելի իրավունքների, բռնադատման հետևանքով պատճառված բարոյական և նյութական վնասները:
 
Քննարկմանը մասնակցել են ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, շահագրգիռ գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության անդամներ, բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձինք, ովքեր նախապես ներկայացրել էին իրենց առաջարկություններն ու դիտարկումները: 
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը մասնակիցներին ներկայացրել է օրենքի կարևոր նկատառումներն ու դրույթները, որոնք և՛ բովանդակային, և՛ նպատակային առումով անդրադարձել են բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց սոցիալական երաշխիքներին:
 
Ազգային Ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշել է, որ մշակված օրենքի նախագիծը պետք է հանրային քննարկումների մեծ փուլ անցնի, քանի որ օրենսդրական նախաձեռնությունը առնչվում է ծանր ժամանակաշրջան ապրած մարդկանց.
 
«Մշակված օրենքի նախագիծը այն մասին է, ինչ եղել է, գնահատական է առ այսօր եղածի, իսկ օրենքի ընդունումը պարտավորություն է՝ այսուհետ նմանատիպ երևույթների կանխարգելման ու վերացման համար: Նոր օրենքը տարածվելու է նաև անկախ Հայաստանի պայմաններում քաղաքական դրդապատճառներով իրավունքների ոտնահարումից տուժածների վրա: Օրենքի շահառու խմբի համար ժամկետների վերացումը նպաստելու է պետության կողմից բռնատիրական, մարդու իրավունքների ոտնահարման դրսևորումների կանխարգելմանը»,- նշել է Աժ փոխխոսնակը:
 
Այնուհետև քննարկվել են նախապես ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները, որոնք վերաբերում էին բռնադատվածների արդարացման կարգի և իրավունքի վերականգնման դրույթներին, նրանց համար սահմանված ամենամսյա դրամական աջակցությանն ու այլ հարցերին:
 
Գեմաֆին Գասպարյանը մասնակիցներին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի և համագործակցության համար և նշել, որ նոր օրենքով առավել իրատեսական և առարկայական է դառնալու բռնադատվածների սոցիալական պաշտպանությունը: 
 
 
 
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն