Հնդկաստանի ագրարային համալսարանները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ


Հնդկաստանի ագրարային համալսարանները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ

  • 22-10-2019 10:57:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հանդիպել է Հնդկաստանի ագրարային և ճարտարագիտական համալսարանների ներկայացուցիչների հետ, որոնք Հայաստան են ժամանել գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով: Պատվիրակության կազմում էր նաև Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահ Ասիֆ Իքբալը: 
 
Հանդիպման սկզբում հյուրերը համառոտ ներկայացրել են Հնդկաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը, առկա ներուժը, զարգացման միտումները, կիրառվող բարձր տեխնոլոգիաներն ու ագրարային բնագավառի թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:  
Հայաստանի հետ փոխգործակցության հնարավոր ուղղությունների թվում պատվիրակության անդամները մասնավորապես մատնանշել են գինեգործության, էկոտուրիզմի և գյուղատնտեսական խորհրդատվության ոլորտները: 
 
Երկուստեք ընդգծվել է փորձի փոխանակման կարևորությունը  գյուղատնտեսական կրթության բարձր մակարդակի ապահովման և մասնագետների վերապատրաստման հարցում: Առաջարկ է հնչել ուսումնասիրել համատեղ գիտական նախագծերի մշակման հնարավորությունը, ինչը փոխշահավետ կլինի թե' հնդկական և թե' հայկական կողմի համար: Առանձին անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացմանը: 
 
Զրուցակիցները  պայմանավորվել են հանգամանորեն ուսումնասիրել երկկողմ համագործակցության համար առավել նպատակահարմար ուղղությունները և ներկայացնել համապատասխան առաջարկներ ու դիտողություններ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն