«Միկա» մարզահամալիրի մարզադահլիճում կանցկացվի Վահան Զատիկյանի անվան 20-րդ միջազգային հուշամրցաշարը
22-10-2019 11:58:39 | Հայաստան | Հասարակություն
Հոկտեմբերի 22-ը Վահան Զատիկյանի ծննդյան օրն է. Ըմբշամարտիկ, «Մալաթիա» ջոկատի առաջին հրամանատար, նույնանուն համայնքի առաջին համայնքապետ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Զատիկյանն այսօր կդառնար 63 տարեկան:
Այդ առիթը հիշարժան դարձնելու իրենց ավանդույթն ունեն մարզաշխարհի ներկայացուցիչները:
Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում սահմանվել է «Վահան Զատիկյան» կրթաթոշակ, որին արժանանում են ինստիտուտի լավագույն ուսանողները: Ըմբշամարտիկ, մեծ հայրենասեր Վահան Զատիկյանի պատվին հանրապետության Ազատ ոճի ըմբշամարտի ֆեդերացիան` ամեն տարի, աշնանը հուշամրցաշար է կազմակերպում: Այս տարի, ծննդյան օրվա առիթով «Միկա» մարզահամալիրի մարզադահլիճում կանցկացվի Վահան Զատիկյանի անվան 20-րդ միջազգային հուշամրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի և արտերկրի մարզական ակումբների պատանի ըմբիշները:
Պետական, հասարակական և քաղաքական գործիչ, «Մալաթիա» Երկրապահ կամավորական ջոկատի հիմնադիր հրամանատար, երջանակահիշատակ Վահան Զատիկյանը ծնվել է 1956թ-ին Ջավախքի Լոմատուրցխ գյուղում, այնուհետև ընտանիքի հետ միասին տեղափոխվել Երևան:
Վահան Զատիկյանն ըմբշամարտիկ էր, ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ: Զինվորագրվելով հայ ժողովրդի ազգային- ազատագրական պայքարին՝ Վահան Զատիկյանը անվերապահորեն հավատում էր հաղթանակին, հավատում էր, որ Հայաստանից նենգորեն խլված Արցախը նորից վերադառնալու է մայր հայրենիքի գիրկը: Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակչությունը, վստահելով իր նվիրյալ զավակին, անկախության առաջին տարիներին`1991թվականին, նրան ընտրեց համայնքի ղեկավար, ապա՝ ԱԺ պատգամավոր: Արցախյան ազատամարտի հերոս հրամանատարը, զինադադարից հետո ամբողջությամբ նվիրվեց իր համայնքի սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորմանն ու բնակչության կենցաղային վիճակի բարելավմանը՝ մշտապես ուշադրության կենտրոնում պահելով ազատամարտիկներին ու նրանց ընտանիքներին:
Վահան Զատիկյանը հաճախ էր իր ելույթներում նշում, որ երկրապահությունը, ազատամարտիկը անգնահատելի հասկացություններ են, արժեք են:
Վահան Զատիկյանը մշտապես հիշել և ուշադրության ներքո է պահել զոհված մարտական ընկերների ընտանիքներին, մշտապես ապրել է նրանց հանդեպ պարտքի զգացումով, հաճախ է այցելել Եռաբլուր՝ ընկերների շիրիմներին… Ցավոք, անսպասելի ինքն էլ գնաց` միացավ Եռաբլուրում ննջող իր երկրապահ ընկերներին:
Վահան Զատիկյանն ազգանպաստ գործունեության համար արժանացել է կառավարական և գերատեսչական պարգևների, նաև՝ ԵԿՄ բարձրագույն պարգև «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանի ասպետ:
Վահան Զատիկյանի անունով է կոչվում իր իսկ ազատագրած Բերձոր քաղաքի թիվ 2 դպրոցը, ուր հաճախ են լինում երկրապահները, օգնում դպրոցին` կահավորման և գրականության հարցում: Զատիկյանի անվան դպրոցի մերձակա հրապարակում՝ Երևան-Ստեփանակերտ մայրուղու մոտ է գտնվում Վահան Զատիկյանի կիսանդրին:
Վահան Զատիկյանի ծննդավայրի դպրոցը նույնպես կրում է նրա անունը: Մալաթիա-Սեբաստիա համայնքում, վաղամեռիկ համայնքապետի նախաձեռնությամբ հիմնադրված այգում տեղադրված է նրա կիսանդրին, որը ուխտատեղի է դարձել համայքի բնակչության, երկրապահների ու նոր սերնդի համար:
Շնորհավո’ր ծնունդդ, Վահան Զատիկյան, մեր ազնվագույն ընկեր, ազնվագույն հայ: