Մեկնարկել է «Աջակցություն արդարադատության նախարարությանը ԵՄ չափորոշիչներին համապատասխան իրավական մոտարկման հարցում» դասընթացը


Մեկնարկել է «Աջակցություն արդարադատության նախարարությանը ԵՄ չափորոշիչներին համապատասխան իրավական մոտարկման հարցում» դասընթացը

  • 22-10-2019 13:44:55   | Հայաստան  |  Իրավունք

 
 
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինիի մասնակցությամբ Երևանում այսօր մեկնարկել է  «Աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը ԵՄ չափորոշիչներին համապատասխան իրավական մոտարկման հարցում» ծրագրի շրջանակում իրականացվող դասընթացը: Այն կօգնի Հայաստանում քաղաքականություն և օրենսդրություն մշակողներին` ներդաշնակեցնելու ազգային օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը այնպես, որ նոր օրենսդրությունը կիրառելի լինի ամենօրյա պրակտիկայում: Դասընթացավարները կտրամադրեն գործնական խորհրդատվություն օրենսդրության մշակման բոլոր փուլերի վերաբերյալ:
 
Փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին մասնակցության համար, կարևորել է միջոցառումը՝ ինչպես գործադիրի, այնպես էլ օրենսդիրի ներկայացուցիչներին մեկ հարթակում ներգրավելու ու հնարավորինս առարկայական քննարկումներ կազմակերպելու տեսանկյունից: 
 
«Արդարադատության նախարարությունը Եվրոպական միության հետ ծավալել և հաջողությամբ իրականացնում է լայնամասշտաբ և փոխշահավետ համագործակցություն: Նախարարությունը ոլորտային բոլոր բարեփոխումները չի ընկալում որպես առանձին և հատվածական գործընթաց, այլ դիտարկում է դրանք ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լույսի ներքո: Կարծում եմ՝ այս ընկալումն ընդհանուր է, ինչը մեզ թույլ կտա առավել ռազմավարական ու երկարաժամկետ կտրվածքով պլանավորելու մեր գործողությունների ընդհանուր օրակարգը»,- ասել է փոխնախարար Գրիգորյանը և, ամփոփելով խոսքը, շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը՝ բարեփոխումների իրականացման գործընթացում մշտապես Արդարադատության նախարարությանը սատարելու: 
Նշենք, որ մեկօրյա դասընթացը կազմակերպվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ ԵՄ ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը ԵՄ չափորոշիչներին համապատասխան իրավական մոտարկման հարցում» ծրագրի շրջանակում: Դասընթացը բաղկացած է չորս հիմնական մասից՝ ԵՄ օրենսդրություն, Մոտարկում, Քաղաքականության մշակում և Օրենսդրության մշակում:
   
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք