Համագործակցության օրինակ. Ոստիկանությունն ամբողջությամբ ընդունել է ձերբակալվածների իրավունքների վերաբերյալ Պաշտպանի առաջարկները


Համագործակցության օրինակ. Ոստիկանությունն ամբողջությամբ ընդունել է ձերբակալվածների իրավունքների վերաբերյալ Պաշտպանի առաջարկները

  • 30-10-2019 15:26:03   | Հայաստան  |  Իրավունք

 
 
Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքին է ներկայացվել ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծը:
Նախագծի ուսումնասիրությունը վկայում է, որ նախագիծն ամբողջությամբ արտացոլում է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցներում, ինչպես նաև ՀՀ ոստիկանության բաժիններ և ձերբակալված անձանց պահելու վայրեր (ՁՊՎ) կատարած մշտադիտարկման այցերի վերաբերյալ վերլուծական տեղեկանքներում ՁՊՎ-ներին առնչվող առաջարկները:
 
Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել է՝
•         ՁՊՎ-ների խցերը պետք է ապահովված լինեն էլեկտրական կարգավորիչներով, որոնց միջոցով գիշերային ժամերին հնարավոր կլինի թուլացնել խցերի արհեստական լուսավորությունը՝ չխոչընդոտելով ազատությունից զրկված անձանց հանգստի և քնի իրավունքը,
•         ՁՊՎ ընդունվող կանանց անհատական օգտագործման նպատակով, ի թիվս այլնի,  ՁՊՎ-ում գտնվելու ընթացքում պետք է տրամադրվեն կանացի հիգիենիկ պարագաներ,
•         ՁՊՎ-ների զբոսաբակերը պետք է ապահովել մարմնամարզությամբ զբաղվելու հնարավորությամբ, կահավորել նստարանով ու աղբամանով,
•         օրենսդրական կարգավորման պետք է ենթարկել ՁՊՎ ընդունվող և այնտեղ պահվող ազատությունից զրկված անձանց բժշկական զննության իրականացումը,
•         պետք է ապամոնտաժել ՁՊՎ-ների տեսակցությունների սենյակներում առկա ապակե միջնորմները, ինչը կվերացնի ազատությունից զրկված անձանց և նրանց մերձավոր ազգականների միջև ֆիզիկական շփման խոչընդոտը:
 
Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի առաջարկների կատարմանն ուղղված Ոստիկանության հետ համագործակցության նման օրինակը:
 
Նախագծի այլ դրույթների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նկատառումները կներկայացվեն կարծիքի տեսքով:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play