Լքվել է ևս մեկ վագոն-տնակ


Լքվել է ևս մեկ վագոն-տնակ

  • 05-11-2019 14:48:29   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն

Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում բնակվող Հասոյանների համար, ընթացիկ տարին հաջողվածներից է. վագոն-տնակում ընտանիքի անցկացրած 9 տարվա հոգսաշատ կյանքը դարձել է հիշողություն, իսկ  18 քմ մակերեսով երկաթյա երբեմնի կացարանը վերածվել է խորդանոցի: Հասոյանները հասցրել են անգամ  ուրախ առիթ նշել հիմքից կառուցված քարե նոր տանը:   
 
Ընտանիքի մայրը՝ Զարինեն, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համատեղ իրականացվող բնակարանաշինության ծրագրում ընդգրկվելու լուրն իմացել էր տարեսկզբին՝ հեռախոսազանգով: Գործակցող կողմերի ղեկավարները որոշել էին շահառուներից որևէ մեկին հաճելի նորությունն ասել ծրագիրը հաստատելուց անմիջապես հետո: Բարի լուրը հայտնել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Զրուցակցին ճանաչելուց հետո, Զարինեն անակնկալի չէր եկել. անկեղծացել էր, թե զգացել է, որ խնդիրը կլուծվի: Նրա համոզմունքը կրկնապակվել էր՝ կազմակերպությունների ղեկավարների և աշխատակիցների կամավորական  աշխատանքից հետո: Հեռախոսազրույցից  հինգ ամիս անց շինարարությունն ավարտվել է:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարները դարձյալ այցելել են Հասոյաններին, այս անգամ՝ ընտանիքի  հետ բնակարանամուտի ուրախությունը կիսելու համար:
 
«Նախկինում, երբ մտածում էի, որ երեխաներս մեծանում են, աղջիկս շուտով կամուսնանա, ու մենք դեռ տնակում ենք ապրում, սիրտս կտոր-կտոր էր լինում: Օրեր առաջ աղջկաս ամուսնացրեցինք ու, գիտեք, հուզմունքս ու ուրախությունս հազարապատկված էին, քանի որ հյուրերը տո՛ւն էին եկել, ոչ թե դոմիկ, որ երեխաս ու մենք ամաչելու ու նեղվելու առիթ այլևս չունենք: Մենք այսուհետև տո՛ւն ունենք: Անսահման շնորհակալ եմ աջակցության համար», - ասել է ընտանիքի մայրը՝ Զարինան:
 
Ի դեպ, հիմքից կառուցված այս տունը գործընկեր կազմակերպությունների համատեղ ծրագրի՝ հոբելյանական՝ 200-րդ տունն է:
 
«Առհասարակ, ծրագրերը պահանջում են խոսել թվերի լեզվով՝ փաստերով: Այս ընտանիքն օրինակ, մեր ծրագրում ընդգրկված երկուհարյուրերորդն է: Դա կարևոր փաստ է՝ գործընկերության «տեխնիկական» արդյունքն ու տարիների աշխատանքը գնահատելու համար: Իսկ հաշվետվության մյուս՝ բարոյական կողմն ավելի արժեքավոր է: Կյանքի բնականոն հուն են մտնում ընտանիքներ, որոնք անցել են պայքարից հուսահատություն տանող ճանապարհով: Նրանց լուսավոր ժպիտն ամենաոգևորողն է», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
«Այս ընտանիքի պարագայում մենք մի փոքր նորամուծություն մտցրեցինք համատեղ իրականացվող բնակարանաշինության ծրագրում. եթե մինչ այդ օգնում էինք կիսակառույցն ավարտին հասցնել, կամ վերանորոգման աշխատանքներ անել, ապա այս դեպքում որոշեցինք հիմքից կառուցել տունը:  Ընտանիքի ոգևորությունը, ջանասիրությունը, տուն ունենալու ցանկությունն այնքան մեծ էր, որ շինարարական աշխատանքներն ավարտվեցին հինգ ամսվա ընթացքում: Շատ ուրախ եմ ընտանիքի համար»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
 
2019թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 109 մլն ՀՀ դրամ: Մինչև տարեվերջ, Հայաստանի 10 մարզում բնակարանի տեր կլինի 43 ընտանիք:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն