Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը ներգրավվեց Քոչարյանի եւ մյուսների գործով տուժողի ներկայացուցիչ.ՀԺ


Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը ներգրավվեց Քոչարյանի եւ մյուսների գործով տուժողի ներկայացուցիչ.ՀԺ

  • 05-11-2019 16:57:46   | Հայաստան  |  Իրավունք

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա նիստին իրավապաշտպան Մարինա Պողոսյանը ներգրավվեց որպես տուժող Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցիչ:
 
Պողոսյանը դատարան ներկայացրեց գործով տուժող Սուրեն Հովհաննիսյան լիազորագիրը՝ Պողոսյանին որպես իր ներկայացուցիչ ներգրավվելու համար: Տուժող եւ մեղադրող կողմերը չառարկեցին դրա դեմ: Առարկությամբ հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը. «Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ անձի շահերը դատարանում կարող են ներկայացնել փաստաբանները եւ լիազորագիր ունեցող այլ անձինք, այլ անձ կոչվածը, իհարկե, ցանկացած անձը չէ: Թե այլ անձանցից ով չի կարող մասնակցել, այդ մասին գրված է «Փաստաբանության մասին» օրենքում, ըստ որի՝ դատական ներկայացուցչությունը պարբերաբար կամ վճարովի հիմունքներով կարող են իրականացնել միայն փաստաբանները: Կան բացառություններ, իհարկե, որոնց մեջ տիկին Պողոսյանը չի մտնում»,- ասաց Ալումյանը:
 
Վերջինիս խոսքով՝ եթե Մարինա Պողոսյանը նման գործունեություն իրականացներ մեկ անգամ, ոչ պարբերաբար, Քրեական դատավարության համաձայն՝ կլիներ այդ այլ անձը, ով կկարողանար մասնակցել. «Սակայն քիչ առաջ տիկին Պողոսյանն էլ նշեց, որ ինքը պարբերաբար որպես ներկայացուցիչ մասնակցում է»: Մարինա Պողոսյանը առարկեց Հայկ Ալումյանի այս հայտարարությանը. «Ես այս նիստին առաջին անգամ եմ եկել, մասնակցելու եմ, այո՛, պարբերաբար, եւ որեւէ բան չի բացառում իմ մասնակցությունը: Քաղաքացին դիմել է մեր կազմակերպությանը, որ այն՝ ի դեմս իր նախագահի՝ ինձ, ներկայացնի իր շահերը»,- արձագանքեց Մարնա Պողոսյանը:
 
 
Առարկեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ նշելով, որ ինչպես սույն գործով, այնպես էլ առհասարակ որեւէ գործով հասարակական կազմակերպության նախագահը չի կարող լինել շահերի ներկայացուցիչ. «Իրավապաշտպան կազմակերպությունը պաշտպանական, ներկայացուցչական լիազորություններ չի կարող իրականացնել»,- նշեց նա:
 
Արձագանքելով այս հայտարարությանը՝ Մարինա Պողոսյանն ասաց. «Չկա նման օրենք, որը արգելի կամ խոչընդոտի կազմակերպության ղեկավարի ներկայացուցչությունը դատարանում: Պաշտպանական կողմում իրենց անձնական մոտիվացիաներից չեն ուզում, որ ես մասնակցեմ այս դատական գործին»: Լսելով կողմերին՝ դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ պաշտպանական կողմը չի վկայակոչել որեւէ փաստարկ, որը կխոչընդոտի Մարինա Պողոսյանի մասնակցությունը, եւ հաշվի առնելով Քրեական դատավարության համապատասխան հոդվածը՝ դատարանը որոշեց Մարինա Պողոսյանին ներգրավել որպես տուժողի ներկայացուցիչ՝ միաժամանակ ընդգծելով, որ որեւէ հասարակական կազմակերպություն չի կարող լինել տուժողի ներկայացուցիչ:
 
Միլենա Խաչիկյան 
 
Նոյյան տապան  -   Իրավունք