Ապրիլյանի ժամանակ հերթապահություն իրականացրած բժիշկը քննիչ հանձնաժողովին կարեւոր տեղեկություններ է հայտնել․ Ա․ Քոչարյան


Ապրիլյանի ժամանակ հերթապահություն իրականացրած բժիշկը քննիչ հանձնաժողովին կարեւոր տեղեկություններ է հայտնել․ Ա․ Քոչարյան

  • 08-11-2019 17:19:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովն այսօրվա փակ նիստում լսել է 3-րդ պաշտպանական շրջանում հերթապահություն իրականացրած բժշկի։
 
Բժիշկը, որի անունը Անդրանիկ Քոչարյանը չհնչեցրեց, իր նախաձեռնությամբ է եկել հանձնաժողով, նա հրավիրյալների հաստատված ցանկում չի եղել, բայց ցանկացել է տեղեկություններ փոխանցել․
 
«Այն մասով, որքանով նա կարող էր տեղեկատվություն փոխանցել, մեզ համար շատ կարեւոր էր»,- լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծեց քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ այդ օրերին բժիշկը ծառայության մեջ է եղել։
 
Հարցին՝ հյուրը որոշակի մտահոգություններ փարատե՞ց, Քոչարյանը պատասխանեց, որ մտահոգությունները կփարատվեն այն ժամանակ, երբ իրենք ամբողջապես կհասկանան՝ ինչ է տեղի ունեցել եւ ինչքանով ենք մենք պատրաստ եղել ապրիլյան պատերազմական գործողություններին կամ հակառակը։
 
Իսկ հրավիրյալի պատմածների վերաբերյալ եզրահանգումների մասին հանձնաժողովականները կխոսեն աշխատանքների ավարտական փուլում։
 
Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ Պաշտպանության նախարարությունից պահանջել եւ արդեն ստացել են էլի շատ կարեւոր տեղեկություններ, որոնք հնարավորություն են տալիս իրենց ուսումնասիրության ծավալներն ավելի մեծացնել։
 
Թե ինչ տեղեկատվության մասին է խոսքը, Անդրանիկ Քոչարյանը միայն ասաց, որ այն վերաբերում է մինչ ռազմական գործողությունները եւ այդ գործողությունների ընթացքում մեր հետախուզական մարմինների ունեցած ինֆորմացիային։
 
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ այս քննիչ հանձնաժողովի ի հայտ բերած փաստերը նորություն չեն, եւ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ինքն է հայտարարել, որ նախարարությանը պատերազմի մասին ամեն ինչ հայտնի է, այդ դեպքում ո՞րն է հանձնաժողովի անհրաժեշտությունը, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց, որ հիմա չի ուզում մեկնաբանել պարոն Տոնոյանի ասածները։ Միեւնույն ժամանակ, Քոչարյանն ընդգծեց, որ իրենք հիմա շատ ինտենսիվ աշխատում են նախարարի եւ նախարարության հետ․
 
«Շատ բաներ, իհարկե, հասանելի են եղել ՊՆ-ին, բայց թերությունները մեկս մյուսին օգնելով պետք է գտնենք, լուծենք։ Մեր խնդիրն է հասկանալ՝ արդյոք որոշումները ճի՞շտ են եղել, որոշումները կատարվե՞լ են, թե՞ ոչ, դրա համար մենք առաջին փուլում նյութերն ուսումնասիրելիս պետք է հասկանանք բանակի կառավարելիության մակարդակն ինչպես է եղել եւ ապրիլին ինչ ծավալի գործողություններ են եղել ու ինչ բնույթի»,- ասաց Քոչարյանը։
 
Անդրադառնալով Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գնահատականին, ըստ որի՝ ապրիլին լայնածավալ պատերազ է եղել, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ չի պատկերացնում, թե Մանուկյանն ինչի հիման վրա է նման գնահատական տալիս, երբ ինքը, չորս ամսիվ ավելի լինելով քննիչ հանձնաժողովի նախագահ, դեռեւս նման բան չի հայտարարում․
 
«ՊՆ նախկին նախարար Վազգեն Մանուկյանի գնահատականը, կարծում եմ, ժամանակավրեպ է, ինքը չէր կարող իր տեղեկատվության սահմաններում նման գնահատական հնչեցնել, այլ բան, որ որպես նախկին նախարար, այն ժամանակաշրջանի համար այդ գործողությունները կարող է դիտել որպես լայնածավալ, բայց լայնածավալ պատերազմը մեր եւ մեր հակառակորդի սպառազինության պայմաններում լրիվ այլ բնույթի է։ Եւ մենք ուզում ենք հենց այդ բնույթի լայնածավալ պատերազմներին պատրաստ լինել, որպեսզի ե՛ւ զոհերը լինեն քիչ, ե՛ւ մեր հաջողությունները լինեն ավելի շատ»,- ասաց հանձնաժողովի նախագահը՝ վերահաստատելով իր այն պնդումը, որ, այնուամենայնիվ, ապրիլյան իրադարձությունների ժամանակ միանշանակ եղել է հերոսապատում՝ ի շնորհիվ մեր զինվորների ու շատ հրամանատրաների։
 
Անդրադառնալով նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանի կողմից դավադրություններ չեն եղել, եղել են Ադրբեջանի կողմից, Քոչարյանն ասաց, որ դա եւս շատ կարեւոր տեսակետ է․
 
«Մենք ուզում ենք հասկանալ՝ ադրբեջանական դավադրությունը ինչի հիման վրա է եղել, սա դավադրություն է խաղաղության դե՞մ։ Վերջին հաշվով մենք գտնվում ենք խաղաղ գործընթացի մեջ։ Մինսկի խումբը չի լուծարվել, եւ նրանք փնտրում են խաղաղության հասնելու տարբերակներ։ Ադրբեջանը հանկարծ որոշում է գործողություններ իրականացնել, եւ մենք բոլոր հանգամանքները պիտի ուսումնասիրենք, այդ թվում, թե որտեղ էր Ադրբեջանի դավադրության էլեմենտը, ի՞նչն էր իրենց հույս տվել, որ գործողությունները էֆեկտիվ են լինելու, եւ եթե դիմել էր դավադրության, ապա մենք ինչքանո՞վ էինք պատրաստ, որովհետեւ Ադրբեջանը կարող է էլի դավադրություններ անել»։
 
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Դավիթ Տոնոյանին եւս հրավիրելու են հանձնաժողով։ Նա նշեց, որ հրավիրյալների իրենց հաստատած ցանկն անընդհատ մեծանում է, եւ պետք է ամբողջացնել ստացած տեղեկատվությունը․
 
«Այսօր ուրախ ենք, որ ՊՆ-ն հանարվորություն է տալիս ուսումնասիրել մեր ցանկացած տեղեկություն։ Գոյություն ունի գերատեսչական շահ ասված, ոչ ոք չի ուզում ընդունել, որ իրենք սխալվել են, բայց սխալը բանակի պարագայում կյանքի կորուստ է, բանակը պետք է լինի այն մարմինը, որը մինիմալ սխալներ ունենա, բայց այսօր չենք կարող չգնահատել եւ չասել, որ մեր բանակը լուծել է հակառակորդի դավադրությունը կանխելու խնդիրը»։
 
Պատասխանելով հարցին, թե ի վերջո ե՞րբ են գալու, այսպես ասած, «կարկառուն հրավիրյալները», Քոչարյանն արձագանքեց՝ մի շաբաթ էլ սպասեք։ Նա նշեց, որ մյուս շաբաթ երկու շատ կարեւոր պաշտոնյաների են հրավիրելու նիստերին․ «Շատ պատասխանատու պաշտոնյաներ գալու են ե՛ւ Հայաստանից, ե՛ւ Արցախից»,- շեշտեց Քոչարյանը՝ հավելելով, որ արդեն իսկ շատ պատասխանատուների լսել են հանձնաժողովում։
 
Հիշեցնենք, որ քննիչ հանձնաժողովն իր աշխատանքները սկսել է հունիսին։ Ուսումնասիրության համար հատկացվել է վեց ամիս ժամկետ, սակայն եթե անհրաժեշտություն լինի, իսկ այդ անհրաժեշտությունն ամենայն հավանականությամբ կլինի, խորհրդարանը աշխատանքների համար կտրամադրի եւս վեց ամիս։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը