Ադրբեջանի հայության դերն ու նշանակությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում


Ադրբեջանի հայության դերն ու նշանակությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում

  • 08-11-2019 18:09:23   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայոց ցեղասպանության թան•արան-ինստիտուտի դահլիճում 2011 թվականի փետրվարի 19-ին կայացած Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի առաջին նիստին Արա Պապյանի ողջույնի խոսքից հատվածներ, որտեղ բերված վերլուծությունները այսօր առավել քան արդիական են, առաջարկները` պահանջված:  
 
 
Ադրբեջանահայություն ասածը խիստ պայմանական հասկացություն է:  Ըստ էության, ադրբեջանահայություն ասելով այսօր մենք հասկանում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողությունից դուրս գտնվող նախկին Ադրբեջանի ՍՍՀ շրջանների և բնակավայրերի հայությունը: Ընդհանուր առմամբ ճիշտ է, քանի որ չունենք այլ, ավելի հարմար բնութագրիչ բառ: Ադրբեջանահայությունը բաղկացած է եղել երկու մեծ` փոխադարձաբար սերտաճած ու հարափոփոխ, հատվածից: Առաջինը` Բաքվի և Կասպից ծովի արևմտյան ափի բնակավայրերի ու դրանց մերձակայքի գաղթականասերունդ հայությունն է: Երկրորդը` Արցախի,  Ուտիքի և Նախիջևանի բնիկ հայությունը: Ըստ այդմ, այս երկու խմբերը միջազգային իրավունքի տեսանկյունից ունեցել են տարբեր կարգավիճակներ, ուստի և տարբեր իրավունքներ: Ըստ այդմ, նրանց  իրավունքները գոնե մասնակիորեն վերականգնելու համար պետք է գործադրվեն տարբեր գործիքներ:                                                                                           
Պաշտոնական վիճակագրությամբ 1989թ. միայն Բաքվում ապրում էր 206 հազար հայություն: Շրջակա բնակավայրերի հայերի հետ միասին հայության այս խումբը գրեթե 350 հազար էր (փորձագիտական տվյալներով 1988թ. նախօրեին Բաքվում ապրում էր շուրջ 500 հազար հայ,  իսկ Ադրբեջանական ԽՍՀ-ում շուրջ 700 հազար  : Մ.Ա.): Շատերն ունեին պետության, ուզում եմ շեշտել` Սովետական Միության և ոչ թե Ադրբեջանի կողմից, անհատույց օգտագործման տրված բնակարաններ, գույք, բանկային հաշիվներ և այլն: Վերոհիշյալ հայությունը հիմնականում 1990թ. հունվարին այս ամենից ապօրինաբար զրկվեց: Այստեղ հարկ եմ համարում մի կարևոր շեշտադրում անել`  ի տարբերություն հայաստանաբնակ ադրբեջանցիների, որոնց զգալի մասը շարժական գույքն իր հետ տարավ, իսկ անշարժ գույքի դիմաց հատուցում ստացավ ՀՍՍՀ կառավարության կողմից, ադրբեջանահայությունը իրենից անօրինականորեն խլված իր գույքի դիմաց երբևէ  որևէ հատուցում չի ստացել: Ես առավել ուզում եմ անդրադառնալ հարակից մեկ այլ հարցի, որը անարդարացիորեն դուրս է մղված մեր ուշադրության դաշտից: Նախ ուզում եմ հիշեցնել, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը 1991թ. հոկտեմբերի 18-ի Պետական անկախության վերականգնման սահմանադրական ակտով իրեն հայտարարել է Ադրբեջանի առաջին հանրապետության ուղղակի իրավահաջորդը: Սա նշանակում է, որ Բաքվի նավթահանքերը և նրանց հարակից գազի հանքերը մասնավոր սեփականություն են և նրանց շահագործումը Բաքվի ներկա իշխանությունների կողմից անօրինական է: Անօրինական է նաև  հայազգի անհատներին և կազմակերպություններին պատկանող հազարավոր շենքերի ու կառույցների օգտագործումը Բաքվի ներկա իշխանությունների և անհատների կողմից: Հետևաբար, Բաքվի իշխանությունները կամ պետք է նշյալ սեփականությունները վերադարձնեն օրինական տերերին կամ, եթե ուզում են դրանք ազգայնացնել,  պիտի վճարեն համարժեք, կրկնում եմ համարժեք, հատուցում: Առանձնակի ուզում եմ ընդգծել, որ սա մեզ համար ոչ միայն որոշ ընտանիքների իրավունքների վերականգնման հարց է, այլև առաջին հերթին ազգային անվտանգության հարց:  
Միջազգային դատարաններում Բաքվի տնտեսության հիմքը հանդիսացող նավթարդյունաբերության սեփականության վիճարկումն իսկ կարող է էապես նպաստել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունների մակարդակների բարձրացմանը: Կարծում եմ, որ սույն համագումարը առաջարկով պիտի դիմի Անվտանգության խորհրդին, որպեսզի վերջինս հանդես գա որպես փաստահավաք խմբի պատվիրատու: Այսինքն,  պիտի  հովանավորի նպատակային աշխատանքային  խմբի գործունեությունը, որը  պիտի իրականացնի ներկայումս Ադրբեջանի իշխանությունների անօրինական տնօրինման ներքո գտնվող  հայկական գույքի անձնագրավորումը: 
Հիմա համառոտակի անդրադառնանք, զուտ պայմանականորեն ասած ադրբեջանահայության, երկրոդ խմբի` այն է Ռուսական կայսրության Ելիզավետոպոլի նահանգի բնիկ հայության իրավունքերին և դերակատարությանը համահայկական գործընթացներում: Անձնական և համայնքային գույքի հատուցումների մասին Բաքվի հայության կապակցությամբ վերը ասվածը կարելի է ամբողջությամբ կիրառել նաև հիշյալ հայության հարցում:  Սակայն այս հայությունն ուներ և ունի մեկ այլ շատ ավելի կարևոր դերակատարություն: Դա հայ-թաթարական սահմանազատման հարցում այդ հայությանը վերապահված  վճռորոշ դերակատարությունն է: 
 
Երբ 1917թ. բոլշևիկյան հեղաշրջման հետևանքով Ռուսական կայսրությունը սկսեց տրոհվել և հարավային Կովկասում հռչակվեցին երեք անկախ պետություններ,  բնականաբար սրանց միջև սահմանների հարցում ի հայտ եկան լուրջ խնդիրներ: Այդ ժամանակ կողմերն առաջ էին քաշում իրարամերժ հավակնություններ: Օրինակ, քանի որ Ելիզավետոպոլը (Գանձակը) համարվեց ադրբեջանական քաղաք, ապա Ադրբեջանը սկսեց հավակնել Ելիզավետոպոլի նահանգի ողջ տարածքի վրա:  Հարկ է նշել, որ Փարիզի խաղաղության վեհաժողովը, որի իրավասությունների շրջանակում էր նոր պետությունների ճանաչման հարցը, մերժեց այս մոտեցումը: Միայն 1920թ. հունվարին Փարիզի խաղաղության վեհաժողովը ճանաչեց Հարավային Կովկասի երկրները` սահմանների հստակեցման հարցը թողնելով հետագային: Ճանաչումից մի ամիս հետո` 1920թ. փետրվարի 24-ին, նույն վեհաժողովի Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովը (Commission for the Delimitation of the Boundaries of Armenia) Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչների մասնակցությամբ, արդեն Ազգերի լիգայի խորհրդի անունից, համատեղ զեկույցով հստակեցրեց Հարավային կովկասում սահմանազատման (delimitation) սկզբունքը: Այնտեղ մասնավորապես ասված էր հետևյալը.
<<Ինչ վերաբերում է Հայաստանի պետության և Վրաստանի, ինչպես նաև Ադրբեջանի սահմանին, ապա Հանձնաժողովը գտնում է, որ ներկայումս նախընտրելի է սպասել վերոնշյալ սահմանների հստակեցման վերաբերյալ այնպիսի համաձայնության արդյունքներին, որոնց երեք հանրապետություններն իրենք կհանգեն պայմանագրերի մեջ:
 
Այն դեպքում, եթե սույն հանրապետություններն իրենց սահմանների վերաբերյալ չեն հանգի որևէ համաձայնության, ապա հարցը պետք է փոխանցվի Ազգերի լիգայի իրավարարությանը, որը կստեղծի միջդաշնակցային Հանձնաժողով՝ տեղում որոշելու վերոնշյալ սահմանները՝ հաշվի առնելով, որպես սկզբունք, ազգագրական տվյալները>>:
 
Այսինքն, հայ-ադրբեջանական, ինչպես նաև հայ-վրացական, սահմանազատման հարցերը վերապահված էին Ազգերի լիգային, որն էլ իր որոշումը պիտի խարսխեր ազգաբնակչության տեղաբաշխման տվյալների վրա, այն է <<ի նկատի ունենալով, որպես սկզբունք, ազգագրական տվյալները>> (taking into, in principle, of ethnographical data): Բնականաբար, այս հարցում կարևորագույն դեր էր վերապահված, այսօրվա բառով ասած, ադրբեջանահայությանը: Ցավոք սրտի, այս որոշմանը վիճակված չէր իրականություն դառնալ, քանի որ արդեն 1920թ. ապրիլից Ադրբեջանը, իսկ 1920թ. դեկտեմբերից Հայաստանն օկուպացվեցին  բոլշևիկյան 11-րդ բանակի կողմից և նշյալ պետությունները դադարեցին գոյություն ունենալուց: Հետագան ավելի է հայտնի` նորահաստատ սովետական իշխանությունները կուսակցական որոշումով վարչական վերաբաշխումներ արեցին և հայաբնակ զգալի տարածքներ, որոնք Փարիզի վեհաժողովի սկզբունքի կիրառման դեպքում անվիճելիորեն հայաստանյան պիտի լինեին, դրեցին Բաքվի վարչական ենթակայության ներքո: 
Այսուհանդերձ, առ այսօր Ազգերի լիգայի նշյալ որոշումը որևէ մեկը չեղյալ չի հայտարարել: Հետևաբար, ՍՍՀՄ տրոհումից և հատկապես 1991թ. հոկտեմբերի 18-ի Ադրբեջանի Պետական անկախության վերականգնման սահմանադրական ակտից հետո, երբ ներկայիս Ադրբեջանը դարձավ Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդը, միակ օրինական փաստաթուղթը մնաց Ազգերի լիգայի 1920թ. փետրվարի 24-ի նշյալ որոշումը: Հիշեցնեմ, որ ըստ այդ որոշման սահմանները պիտի որոշվեին <<որպես սկզբունք ընդունելով ազգագրական տվյալները>>, ինչը նշանակում է, որ Ազգերի լիգան ընդունում էր, որ որոշ վայրերում, բնակչության խիստ խառը բնակեցված լինելու պատճառով, հնարավոր չի լինի որոշել սահմանը և անհրաժեշտություն պիտի առաջանա նաև բնակչության փոխանակման: 
Հիմա տեսնենք ինչ ունենք ներկայումս, ինչպես ասվում է`  գետնի վրա: Ադրբեջանի նախահարձակ պատերազմի հետևանքով ակամայից տեղի է ունեցել բնակչության տարանջատում և, ըստ այդմ, սահմանների հաստատում ըստ Ազգերի լիգայի առաջ քաշած սկզբունքի: Հայերը որոշակի տարածքներ են կորցրել Դաշտային Ղարաբաղում և Հյուսիսային Արցախում, հսկայական սեփականություն Բաքվում, փոխարենը որոշ տարածքներ են ձեռք բերել ԼՂԻՄ-ին հարող շրջաններում: Եթե որևէ մեկն ուզում է, որ հայերը վերադարձնեն Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզին հարող շրջանները, ուրեմն նաև հայերին պիտի վերադարձվեն մինչև 1991-1994թթ. զինված ընդհարումները, ինչպես նաև Ազգերի լիգայի 1920թ. փետրվարի 24-ի որոշման պահին հայերով բնակեցված բոլոր տարածքները և հայերի ունեցած սեփականությունները: Այլապես դա կլինի հերթական անարդարությունը հայերի նկատմամբ, հետևաբար միանգամայն անընդունելի: Որևէ օրենք կամ որոշում չի կարող գործել միակողմանիորեն: 
 
Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
19 փետրվարի 2011թ.
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play