Քննարկվել են մարզերի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրեր


Քննարկվել են մարզերի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրեր

  • 08-11-2019 18:32:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարությունում  Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել   աշխատանքային հանդիպում, որի ժամանակ ներկայացվել են մարզերի զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը: 
 
Հանդիպման սկզբում նախարար Պապիկյանը, ողջունելով զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությունը, առաջարկել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացվող զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրում մարզային նախագծերն ընդգրկելիս  հաշվի առնել  ոլորտային բազմազանությունը և տարածքային համաչափ զարգացման սկզբունքը, ինչը կխթանի ինչպես տուրիստական ներհոսքին  տարբեր մարզեր, այնպես էլ  տարածաշրջանների տնտեսական զարգացմանը:
 
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը  շնորհակալություն  է հայտնել հանդիպման համար՝ այն համարելով կոմիտեի և մարզերի միջև համագործակցության մեկնարկի  լավ հնարավորություն: 
 
Մարզպետարանների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մարզերում  զբոսաշրջային առումով գրավիչ  թիրախային համայնքները, զբոսաշրջային ուղղությունների և ենթակառուցվածքների զարգացման  առաջարկները: Պայմանավորվածություն է  ձեռք  բերվել ՝ առաջարկվող նախագծային  փաթեթներն ուսումնասիրելու և դրանք ըստ նպատակահարմարության  ծրագրում ընդգրկելու վերաբերյալ:  
 
Հիշեցնենք, որ մարզպետների հետ խորհրդակցության ժամանակ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի կողմից  մարզպետներին էր   ներկայացվել ՀԲ-ի Մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, ինչի առնչությամբ նախարար Պապիկյանը հանձնարարել էր մարզպետներին  ներկայացնել  մրցունակ զբոսաշրջային նախագծեր՝ծրագրում ընդգրկելու  նպատակով:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն